(010) 303-300

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐՆԵՐԸ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում իրականացվում են համալսարանական սեմինարները, որոնք նպատակ ունեն ստեղծել փորձի փոխանակման և քննարկումների հարթակ` գիտությանը և կրթությանը առնչվող տարբեր թեմաների շուրջ: Սեմինարների անցկացման համար ՃՇՀԱՀ գիտական խորհուրդը որոշել է հստակ ձևաչափ, ըստ այդմ համալսարանի բոլոր ամբիոնները ներկայացրել են շուրջ 35 թեմաներ, կազմվել է ժամանակացույց, որը ընդգրկում է մինչև տարեվերջ ընկած ժամանակահատվածը: Սեմինարները անցկացվում են ուրբաթ օրերին. յուրաքանչյուր անգամ համալսարանի ամբիոններից մեկը ներկայացնում է տարբեր  թեմայով գիտական սեմինար:

Ներկայումս իրականացվել են հետևյալ թեմաներով սեմինարները.

  • «Ճնշումային խողովակաշարերի պաշտպանությունը ճնշման կտրուկ փոփոխման պայմաններում», ներկայացրել է տեխնիկական գիտությունների թեկնածու Գևորգ Վերանյանը:
  • «Ռազմարդյունաբերության արդի պահանջները և մոտեցումները», ներկայացրել է ԻՀՏԿՀ ամբիոնի վարիչի ժ/պ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մհեր Մարկոսյանը:
  • «ՀՀՇՆ 22-01-2024 «Շինարարական կլիմայաբանություն» շինարարական նորմերի վերանայման կարևորությունը գիտահետազոտական աշխատանքներում հավաստի արդյունքների ստացման համար», ներկայացրել են ՋԳՄՕ ամբիոնի վարիչ, տ.գ.թ. դոցենտ Աննա Քարամյանը և տ.գ.թ., դոցենտ Արտաշես Պետրոսյանը:
  • «Կառուցվածքային անկայուն գրունտների ինժեներաերկրաբանական առանձնահատկությունները», ներկայացրել է ՇԿ ամբիոնի երկրաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սարգիս Հայրոյան:
  • «Ճարտարապետների էթիկայի միջազգային ստանդարտները և մասնագիտական պրակտիկայի իրավական կարգավորումները», ներկայացրել է Գիտության վարչության ղեկավար, ՔՇ ամբիոնի ճարտարապետության դոկտոր, դոցենտ Սարգիս Թովմասյանը:

ՃՇՀԱՀ Գիտության վարչության ղեկավար Սարգիս Թովմասյանը իր խոսքում նշեց. «Թեմաները շատ են և տարբեր, իսկ ուսանողների հետաքրքրվածությունը և ներգրավվածությունը բավականին մեծ է, ինչը, իսկապես, ողջունելի է: Ուսանողների քանակի հետ կապված սահմանափակում չունենք, կարող են մասնակցել բոլորը, ովքեր կցանկանան»:

Սեմինարներն ունեն ոչ միայն գիտական ուղղվածություն, այլև պարունակում են գործնական և կրթական տարրեր, որոնք օգտակար են թե՛ ուսանողների և թե՛ դասախոսների համար:

 

03.04.24