Օրերս Մոսկվայի գեոդեզիայի և քարտեզագրության պետական համալսարանի (МИИГАиК) ռեկտոր Ն. Կամինինայի գլխավորած պատվիրակությունը այցելեց Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան: Պատվիրակության կազմում էին պրոռեկտոր Ա. Կարպուկովը, Միջազգային գործունեության գծով խորհրդական Ս. Շվեդովան, Կորպորատիվ նախագծերի բաժնի ղեկավար Ի. Իզակսոնը: Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանատան խորհրդական, ՌԴ Գիտության և բարձրագույն կրթության նախարարության ներկայացուցիչ Մ. Վոժդաևը:
Պատվիրակության անդամները ծանոթագրական շրջայց կատարեցին համալսարանի Գեոդեզիայի լաբորատորիա և Ռուսաց լեզվի կենտրոն: Կայացավ հանդիպում համալսարանի ղեկավար կազմի հետ, որին մասնակցում էին ռեկտոր Մ. Բարսեղյանը, Միջազգային կապերի գծով պրոռեկտոր Վ. Եդոյանը, Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռ. Սուքիասյանը, Գիտության վարչության ղեկավար, գիտական աշխատանքների գծով պրոռեկտորի պ/կ Ս. Թովմասյանը, Կրթության որակի ապահովման և զարգացման կենտրոնի ղեկավար Վ. Հովհաննիսյանը, Քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետի դեկան Վ. Հարությունյանը, Ինժեներական գեոդեզիայի ամբիոնի վարիչի ժ/պ Ա. Մարգարյանը, Ռուսաց լեզվի կենտրոնի ղեկավար Կ. Հովհաննիսյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ուսումնագիտական համագործակցության խնդիրներ, մասնավորապես գեոդեզիայի ոլորտում ցանցային կրթություն կազմակերպելու, երիտասարդ կադրերի վերապատրաստման, ուսանողների փոխանակման, համատեղ կրթական ծրագրեր ստեղծելու, ինչպես նաև գիտահետազոտական աշխատանքներ կատարելու վերաբերյալ:
Մեր համալսարանն իր աջակցությունը հայտնեց Մոսկվայի գեոդեզիայի և քարտեզագրության պետական համալսարանում ճարտարապետական կրթության զարգացման, կադրերի վերապատրաստման, գիտական թեմաների ղեկավարման հարցերում:
Համագործակցության այս տարվա միջոցառումներում, որպես մեկնարկ, առաջարկվեց կազմակերպել մեր համալսարանի մասնագետների վերապատրաստումը Մոսկվայում 1-1.5 ամիս ժամկետով, որի համար Մ. Վոժդաևը իր պատրաստակամությունը հայտնեց աջակցել քվոտաներ հատկացնելու հարցում, կազմակերպվող համատեղ ցանցային կրթության շրջանակներում կիրառել մոդուլային ձևը, համատեղ օգտագործել ուսումնագիտական լաբորատորիաները, մասնակցել մայիսին Մոսկվայում և հոկտեմբերին Երևանում կայանալիք գիտաժողովներին:
Հյուրերի խնդրանքով և համալսարանի միջնորդությամբ կազմակերպվեց այցելություն Կադաստրի կոմիտե և հանդիպում կոմիտեի ղեկավար Ս. Թովմասյանի հետ, ինչպես նաև այցելություն Հայ-ռուսական համալսարան: