Օրերս Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում (ՃՇՀԱՀ) տեղի ունեցավ հանդիպում-քննարկում՝ նվիրված «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տեխնոլոգիական կլաստերի ձևավորմանը, կառուցվածքին և առկա մարտահրավերներին։
Հանդիպումը նախաձեռնել էր «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը, որի շրջանակում համալսարան էին այցելել «Մյունխենի տեխնիկական միջազգային համալսարան» (TUMint) կազմակերպության ծրագրերի համակարգող, տեխնոլոգիական կլաստերի ձևավորման և նորարարությունների կառավարման մոդելի մշակման պատասխանատու Ջորջետա Աուկտուրը և ծրագրի ղեկավար Ալինա Լաուքը։ Քննարկմանը մասնակցում էին նաև «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տեխնոլոգիական կլաստերի համակարգող Արարատ Սահակյանը և հիմնադրամի փորձագետ-ճարտարապետ Աստղիկ Դանիելյանը։ Բուհի կողմից ներկա էին ուսանողներ, ինչպես նաև վարչական, կրթական ու գիտական ոլորտների ներկայացուցիչներ։
Հանդիպման ընթացքում Ջորջետա Աուկտուրն ու Ալինա Լաուքն անդրադարձան Մյունխենի տեխնիկական համալսարանի վերափոխման փորձին, ներկայացնելով հաջողված մոդելներն ու կիրառվող մեթոդաբանությունները։ Քննարկվեցին «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տեխնոլոգիական կլաստերի ձևավորման և զարգացման հեռանկարները, հնարավոր մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները։ Ընդգծվեց բուհերի միավորման, խոշորացման և միջառարկայական կրթական միջավայրի ստեղծման անհրաժեշտությունը, որը միտված է ապահովելու կրթության, հետազոտության, արտադրության, ինչպես նաև պետական և մասնավոր հատվածների միջև արդյունավետ կապը։
Բացի այդ, հանդիպման շրջանակում քննարկվեցին տեխնոլոգիական կլաստերում ճարտարապետության, շինարարական ճարտարագիտության և դիզայնի ոլորտներում կրթության ու հետազոտությունների առանձնահատկությունները և դրանց դերը։
Հանդիպման ավարտին կազմակերպվեցին ինտերակտիվ քննարկումներ, որոնց ընթացքում ներկայացվեցին կոնկրետ առաջարկներ, գաղափարներ և մասնակիցների կարծիքները՝ տեխնոլոգիական կլաստերի հետագա զարգացման ուղղությամբ։