Աշխարհում տարեցտարի մեծանում է հողի՝ որպես ավանդական շինանյութ օգտագործման անհրաժեշտությունը և հողաշեն կառույցների պահպանման կարևորությունը: Դեռևս 1970-ական թթ-ից՝ 4 տարին մեկ, աշխարհի տարբեր երկրներում կազմակերպվում է միջազգային գիտաժողով՝ նվիրված հողաշեն ժառանգության պահպանմանն ու զարգացմանը:
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, դեռևս 2008թ-ից համագործակցելով Լիոնի ճարտարապետության ազգային բարձրագույն դպրոցի հետ, 2015թ-ին կազմակերպեց «Հողաշեն ազգային ժառանություն. հողը՝ որպես նյութ՝ Հայաստանի տարածքային զարգացման համար» թեմայով գիտաժողովը, որին մասնակցեցին Լիոնի և Գրենոբլի ճարտարապետության ազգային բարձրագույն դպրոցները, Միլանի պոլիտեխնիկը, Ama’co, AE&CC և GRAterre գիտահետազոտական կենտրոնները, Ֆրանսիայի մշակույթի նախարարության պատմամշակութային ժառանգության պահպանման բաժինը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը:
2016թ- հուլիսի 10-15-ը Հայաստանը՝ ի դեմ մեր համալսարանի, առաջին անգամ մասնակիցը կդառնա Լիոնում կազմակերպվող հողաշեն կառույցներին նվիրված միջազգային գիտաժողովին՝ որպես պատվավոր՝ հրավիրված Լիոնի քաղաքապետարանի կողմից: Միջազգային գիտաժողովին, որին մասնակցում են 80 երկրների շուրջ 800 մասնակից, մեր երկիրը կներկայացնեն ՃՇՀԱՀ ռեկտոր Գագիկ Գալստյանը, Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը:
Մեզ հետ զրույցում Լիոնի ճարտարապետության ազգային բարձրագույն դպրոցի հայազգի դասախոս Սյուզան Մոննոն տեղեկացրեց, որ մեր համալսարանը գիտաժողովին կներկայանա 3 գիտական հոդվածով և 2 պոստերով: Գիտական հոդվածների հեղինակներ ՃՇՀԱՀ ֆինանսական գծով պրոռեկտոր Մարինա Ղազարյանը, ճարտարապետության տեսության, պատմաճարտարապետական ժառանգության վերականգնման և վերակառուցման, գեղեցիկ արվեստի ու պատմության ամբիոնի վարիչի ժ.պ. Էմմա Հարությունյանը և ճարտարապետության թեկնածու, պրոֆեսոր Լյուբա Կիրակոսյանը նույնպես ներկա կլինեն գիտաժողովին:
Սյուզան Մոնոն նշեց, որ գիտաժողովին մեր համալսարանի պատվիրակները հանդես կգան նաև հայկական հողաշեն ճարտարապետական ժառանգությունը ներկայացնող և Հայաստանում հողաշեն կառույցների զարգացման միտումները ներկայացնող ելույթներով: