(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՄԵՐ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ ԿՐԹԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՃԱՆԱՊԱՐՀ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դասախոսների վերապատրաստման խնդիրը մշտապես գտնվում է համալսարանի ուշադրության կենտրոնում: Հագեցած լինելով նորագույն սարքավորումներով՝ համալսարանը կարիք ունի նաև նորամուծություններին ընդառաջ գնացող պատրաստակամ դասախոսների:
Այդ իսկ նպատակով համալսարանի Որակի ապահովման կենտրոնն ուսանողների շրջանում պարբերաբար հարցումներ է իրականացնում՝ լսելու նրանց մտքերը, կարծիքները, բողոքներն ու առաջարկությունները: Եվ, հենց այս հետադարձ կապի կիրառման շնորհիվ է, որ ավելի քան երկու տարի է կատարվում են կրթական ծրագրերի բարեփոխումներ, ուսումնական և դասավանդման գործընթացների բարելավում, դասախոսների կատարելագործում, ռեսուրսների և կրթական պայմանների արդիականացում:
Մեզ հետ զրույցում՝ Որակի ապահովման կենտրոնի ղեկավար Վարազդատ Հովհաննիսյանը նշեց, որ համալսարանում իրականացվող 23 կրթական ծրագրերն արդեն իսկ վերանայվել են մասնագիտական աշխատանքային խմբերի կողմից 2016-2017 ուսումնական տարում՝ վերջնարդյունքահեն դարձնելու նպատակով: Սակայն դրանց ձևակերպումը ժամանակատար գործընթաց է, որի նախապատրաստական աշխատանքներն արդեն համալսարանում սկսվել են: Կրթական վերջնարդյունքների ձևակերպման գործընթացը ենթադրում է ոչ միայն համապատասխան պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներգրավվածություն, այլև՝ աշխատաշուկայի ներկայացուցիչների, ուսանողների, շրջանավարտների և հարակից մասնագիտությունները ներկայացնող գործընկերների ակտիվ աշխատանք։ Երբ ավարտենք ազգային որակավորումների շրջանակի և աշխատաշուկայի պահանջներին համապատասխան վերջնարդյունքների ձևակերպման աշխատանքները, ապա մեր ամբիոնները կկարողանան ավելի արդյունավետ կրթական ծրագրեր մշակել՝ համապատասխան դասընթացներով, դասավանդման և գնահատման մեթոդներով։ Սա ժամանակատար գործընթաց է, որը արդեն իսկ ընթացքին մեջ է։
Կրթական բարեփոխումը ծավալուն, բազմաթիվ ասպեկտներ ներառող գործընթաց է, որի արդյունքը տեսանելի է լինում որոշակի ժամանակ անց։ Այն նաև շարունակական գործընթաց է, քանի որ մեր կյանքը շատ արագ է փոփոխվում՝ առաջ բերելով նոր մարտահրավերներ և մասնագիտական նոր պահանջներ։ Օրինակ, եթե նախկինում դասախոսների հիմնական գործառույթը տեղեկատվության, գիտելիքի փոխանցումն էր, ապա այսօր, հաշվի առնելով տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը, երբ գրեթե ցանկացած տեղեկատվություն համացանցի միջոցով հասանելի է, այդ գործառույթը բավականին փոխվել է։ Ներկայումս դասախոսն ավելի շատ պետք է խորհրդատու լինի, ով օգնում է ուսանողին, թե ինչպես է պետք սովորել, զարգացնել մտածելակերպը։ Դասավանդման այս մոտեցումը ենթադրում է ուսանողներին որոշակի կարողությունների և հմտությունների փոխանցում, ինչը հնարավորություն է տալիս նրանց մուտք գործել ոլորտ արդեն որոշակի փորձառությամբ։
Ինչպես նշվեց, դասավանդումը միայն գիտելիք կամ այդ գիտելիքը կիրառելու հմատություն փոխանցելը չէ։ Այսօր շատ կաևոր է այնպիսի կարողություններ զարգացնել մեր ուսանողների մոտ, ինչպիսիք են ասենք թիմային աշխատանքը, նորարարական և քննադատական մտածելակերպը, ինքնուրույն որոշումներ կայացնելը և այլն։
Ի հավելումն ասվածի նշենք, որ օրերս Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Լրացուցիչ կրթության բաժնի կողմից 1-ին հավաստագրերը հանձնվեցին այս տարի մեր բուհում մեկնարկած «Պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստման և որակի բարձրացման» կրթագիտական ծրագրի շրջանակներում «Վերջնարդյունքահեն կրթական ծրագրերի մշակում» դասընթացը հաջողությամբ անցած 22 մասնակիցներին: Վերապատրաստման 1-ին փուլը բաղկացած էր ուսումնական, ուսումնամեթոդական և հետազոտական կրթամասերում պարտադիր համարվող 3 դասընթացից՝ «Օտար լեզու», «Վերջնարդյունքահեն կրթական ծրագրերի մշակում» և «Գիտական աշխատանքների արդյունքների մշակման և ձևակերպման մեթոդներ»: Երեքամսյա դասընթացները մասնակիցներին տվեցին համապատասխան գիտելիքներ և կարողություներ՝ ներառյալ ուսուցման նոր տեխնոլոգիաների կիրառմանը միտված հմտություները:

02.07.18