«ՄԵԿ ԳՈՏԻ ԵՎ ՄԵԿ ՈՒՂԻ» ԿՈՆՍՈՐՑԻՈՒՄԻՆ ՄԵՐ ՌԵԿՏՈՐԻ ԶԵԿՈՒՅՑԸ ՄԵԾ ԱՐՁԱԳԱՆՔ Է ԳՏԵԼ
Հոկտեմբերի 8-12-ը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը և Ֆինանսատնտեսական և տեղեկատվական աշխատանքների գծով պրոռեկտոր Մարինա Ղազարյանը աշխատանքային այցով գտնվում էին ՉԺՀ-ի մայրաքաղաք Պեկինում: Մեր համալսարանի պատվիրակության այցի նպատակը՝ Պեկինի շինարարության և ճարտարապետության համալսարանում տեղի ունեցած ճարտարապետական համալսարանների «Մեկ գոտի և մեկ ուղի» կոնսորցիումի հիմնադրման հանդիսավոր արարողությանը՝ որպես հիմնադիր անդամ մասնակցելը և ելույթներով հանդես գալն էր:
Չինաստանի մայրաքաղաքում կոնսորցիումի հիմնադրման արարողությանը ներկա են գտնվել 19 երկրի 43 համալսարանի ներկայացուցիչներ:
Ի թիվս բազմաթիվ զեկույցների ու ելույթների՝ միջոցառմանն իր զեկույցով հանդես է եկել նաև մեր համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը: Գալստյանի զեկույցը խիստ կարևորվում էր կազմակերպիչների կողմից, քանզի այն հնչեց Պեկինի համալսարանի Ադմինիստացիոն կոմիտեի նախագահի՝ Վանգ Ջիաժոնգի և ռեկտոր՝ Ալին Ժանգի զեկույցից հետո:
Զեկույցում ռեկտոր Գալստյանը շնորհակալություն է հայտնել Չինաստանին՝ նախաձեռնության գաղափարի համար, նշել կոնսորցիումի դերը ճարտարապետական համալսարանների միջև համագործակցության ընդլայնման և ներկա մարտահրավերներին դիմակայելու գործում: ՙԱկնհայտ է, որ այս նախաձեռնությունը զարկ կտա մեգանախագծի մեջ ներառված և սահմանակից հարևան երկրների տնտեսական զարգացմանը, ֆինանսական ինստիտուտների ակտիվացմանը և հատկապես ճարտարապետական, շինարարական և տեխնիկական ծառայությունների նկատմամբ պահանջարկի կտրուկ բարձրացմանը: Սա մարտահրավեր է ոլորտում գործող ուսումնական հաստատություններին ապագա քաղաքաշինության տեսլականին համապատասխան մասնագետների պատրատման, իննովացիոն տաղանդների զարգացման համար՚,-նշել է ռեկտոր Գալստյանը: Զեկույցն ավարտելով Կոնֆուցիուսի՝ «Կրթությունը սերտացնում է վստահությունը: Վստահությունը հույս է ներշնչում: Հույսը խաղաղություն է պարգևում» խոսքերով՝ Գ. Գալստյանը հույս է հայտնել, որ կարճ ժամանակահատվածում վեր հանված նախաձեռնությունները կունենան իրենց դրական ազդեցությունը բնակիչների առօրյա կյանքում:
Աշխատանքային այցի ընթացքում՝ Մարինա Ղազարյանը և Գագիկ Գալստյանը հանդիպում են ունեցել Չինաստանում Հայաստանի դեսպան Սերգեյ Մանասերյանի հետ, ով կարևորել է մեր համալսարանի ներկայությունը կոնսորցիումին՝ Հայաստան-Չինաստան կապերի ամրապնդման, համատեղ ծրագրերի իրականացման համատեքստում:
Արարողության ավարտին վճռվել է, որ հաջորդ «Մեկ գոտի և մեկ ուղի» կոնսորցիումը տեղի կունենա Մալազիայում: Նշենք, որ «Մեկ գոտի և մեկ ուղի» կոնսորցիումը ձևավորվել է՝ հավատարիմ մնալով Մետաքսի ուղու «Խաղաղություն և համագործակցություն, հրապարակայնություն և համընդգրկունություն, փոխադարձ ուսումնառություն և փոխադարձ օգուտներ» գաղափարախոսությանը և նպատակ ունի ստեղծել համագործակցության հարթակ և ճարատարապետական առարկաների ու համալսարանների հետ բացահայտել նորարարական զարգացման մեխանիզմները: