(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՄԵԿՆԱՐԿԵՑ ՃՇՀԱՀ ԱՍՊԻՐԱՆՏՆԵՐԻ ԵՎ ՀԱՅՑՈՐԴՆԵՐԻ ԵՐԿՕՐՅԱ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

Մեկնարկեց ՃՇՀԱՀ ասպիրանտների և հայցորդների երկօրյա համաժողովը, որին մասնակցում են ավելի քան 19 ասպիրանտներ, հայցորդներ և գիտաշխատողներ:

Համաժողովի նպատակներն են ասպիրատուրայի ուսուցման ընթացքում առաջ եկած խնդիրների վերհանումն ու դրանց լուծման ուղիների նախանշումը, հաշվետվողականության կարևորումը և ասպիրանտներին օժանդակելը հետագա հետազոտությունների ճիշտ ուղիների ընտրության հարցում:

Համաժողովին ողջույնի խոսքով ելույթ ունեցավ ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանը՝ ընդգծելով. «Այս համաժողովով մենք մեկնարկ ենք դնում գիտական աշխատանքների, հետազոտությունների իրականացման այն խոչընդոտների բացահայտմանն ու վերահսկմանը, որոնք խանգարում են գիտական արդյունավետ աշխատանքին:

Ողջունում եմ բոլորիդ, շնորհակալություն եմ հայտնում մասնակցության համար և հորդորում եմ բոլոր հարցերը միասին քննարկել, մտքեր փոխանակել ու լուծումներ գտնել առաջադրված խնդիրների համար, որ վերադառնալուց հետո ձեռնամուխ լինենք դրանց իրականացմանը: Այսօրվա ներկայացված թեմաների քննարկումների արդյունքում կորոշենք նաև մեր հանդիպումների պարբերականությունը: Վստահաբար կարող եմ ասել, որ ամբիոնների ու ղեկավարների հաջողված փորձի փոխանակումը արդյունավետ կլինի ասպիրանտներին իրենց գիտական հետազոտությունները կատարելիս»:

Միջոցառման մասնակիցներին ողջունեց նաև գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Մանուկ Բարսեղյանը: Նա նշեց, որ համաժողովի ընթացքում ստացած հարցերի պատասխանները կուղղորդեն ասպիրանտներին իրենց հետազոտությունները ճիշտ ուղղությամբ ծավալելու գործում:

Ասպիրանտուրայի և գիտական տեղեկատվության բաժնի պետ Աշոտ Գևորգյանը ընդհանուր տեղեկություններ ներկայացրեց ասպիրանտների, հայցորդների և դոկտորանտների մասին:

Առաջին օրը ներկայացվեցին 14 զեկուցումներ դասընթացն ավարտած ասպիրանտների հաշվետությունների և հաղորդումներ ասպիրանտների ու հայցորդների կատարած աշխատանքերի վերաբերյալ: Այնուհետև տեղի ունեցավ կարծիքների փոխանակում ներկայացված թեմաների վերաբերյալ:

Համաժողովն իր աշխատանքները կշարունակի մայիսի 13-ին:

12.05.22