Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի՝ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի նախաձեռնությամբ, գերմանական Ցվիկաուի կիրառական գիտությունների համալսարանի Արևելյան Ասիայի կենտրոնի հետ համատեղ մայիսի 3-5-ն իրականացրեց միջազգային գիտաժողով՝ «Հայաստանը և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը. մարտահրավերներ և խնդիրներ» խորագրով։ Գիտաժողովը ֆինանսավորվել է «Ֆոլցվագեն հիմնադրամ»-ի կողմից:
Բացման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ մայիսի 3-ին՝ «Անի գրանդ հոթել» հյուրանոցում, որին մասնակցեցին ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Վիկտոր Ռիխտերը, ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Ֆան Յոնգը, նախագծի համակարգող Ռալֆ Ռոբելը, ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը, միջազգայնագետներ, դիվանագետներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ, ՀՊՏՀ գիտնական-մանկավարժներ։
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի կողմից գիտաժողովի մասնակցել է ճարտարապետ Արմեն Մինասյանը, «Իրան-Հայաստան համագործակցություն. Գոտի և ճանապարհ նախաձեռնությունը (Belt and Road Initiative), որպես տարածաշրջանային համագործակցության հնարավորություն» դասախոսությամբ:
Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ Ցվիկաուի կիրառական գիտությունների համալսարանի պրոֆեսոր Ռալֆ Ռոբելը խոսեց ռազմաքաղաքական անկայունության, չլուծված հակամարտությունների և աշխարհաքաղաքական նոր իրողությունների համատեքստում «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի նշանակության և հնարավորությունների մասին։ «Ինձ համար մեծ հաճույք է այստեղ գտնվելը։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ՀՊՏՀ-ին՝ նախաձեռնողականության և գիտաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու, նաև՝ «Ֆոլցվագեն հիմնադրամին»՝ աջակցելու համար։ Հուսով եմ՝ մեր նպատակադրումները լիովին կիրականացնենք»,- ասաց Ռալֆ Ռոբելը։
Գիտաժողովի կազմակերպիչներին և մասնակիցներին ողջունեց ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը՝ ընդգծելով գիտաժողովի կարևորությունը՝ որպես մտքերի փոխանակության, գիտության առաջընթացի, տնտեսական զարգացման ու բարեփոխման արդյունավետ հարթակ։ «Ցվիկաուի համալսարանի հետ մեր համագործակցությունը տարիների պատմություն ունի, բազմաթիվ կարևոր նախագծեր ենք իրականացրել համատեղ, և հուսով եմ՝ այս գիտաժողովը մեր շարունակական համագործակցության արտացոլումը կլինի։ Այն կարևոր է հատկապես մեր բուհի միջազգայնացման, ինչպես նաև տնտեսագիտական մտքի զարգացման ու առաջընթացի տեսանկյունից»,- ասաց Դիանա Գալոյանը։
ՀՀ-ում ԳԴՀ դեսպան Վիկտոր Ռիխտերի խոսքով՝ գիտաժողովի կազմակերպումը ակադեմիական համագործակցության վառ օրինակ է․ «Գերմանիան ևս հետաքրքրված է այս նախագծով, մենք շատ ենք կարևորում այս նախաձեռնությունը։ Վստահ եմ՝ այն տարածաշրջանային համագործակցության լայն հնարավորություններ կբացի նաև Հայաստանի առջև»։
Չինաստանի դեսպան Ֆան Յոնգն էլ հակիրճ ներկայացրեց «Մեկ գոտի, մեկ ճանապարհ», կամ, այսպես կոչված, «Նոր Մետաքսի ճանապարհ» ծրագիրը, շեշտեց նախագծի նշանակությունն ու կարևորությունը, անդրադարձավ տարածաշրջանում ենթակառուցվածքների զարգացման նպատակով Չինաստանի Կառավարության ներդրումներին, նպատակներին։ «Չինաստանը և Հայաստանը հինավուրց երկրներ են, պատրաստ՝ հաղթահարելու բոլոր դժվարությունները։ Ես գնահատում եմ ձեր ակտիվ ջանքերը՝ Չինաստանի հետ երկկողմ հարաբերությունները խորացնելու ուղղությամբ, հատկապես՝ գիտական շփումների մակարդակով։ Մեր հիմնական նպատակն է՝ ստեղծել երկկողմանի շահութաբեր համագործակցություն, խորացնել բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ, և սա դարձնել զարգացման, երջանկության նախագիծ»,- ընդգծեց դեսպանը։
Նշենք, որ «Մեկ գոտի, մեկ ճանապարհը» Չինաստանի Կառավարության կողմից հաստատված ենթակառուցվածքների զարգացման և ներդրումների ռազմավարություն է, որի նպատակը Չինաստանի և տարածաշրջանի 65 երկրների միջև առևտրային, ներդրումային և ենթակառուցվածքային կապերի խորացումն է։ Ծրագրով նախատեսվում է Չինաստանը Եվրոպային և Եվրասիա մայրցամաքի տարբեր հատվածներին կապող 6 հիմնական ցամաքային, ինչպես նաև ծովային միջանցքներ ստեղծել։
Նյութի հիմնական աղբյուրներ`