(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՃՇՀԱՀ ՊՐՈՖԵՍՈՐԸ ՔՈՒՎԵՅԹՈՒՄ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԻ

Քուվեյթի գիտական ակումբի և Ժնևի միջազգային ցուցահանդեսի միջև համագործակցությամբ՝ 2023 թվականի փետրվարի 12-15-ը Քուվեյթում տեղի ունեցավ Մերձավոր Արևելքում գյուտերի (հայտնագործությունների) 13-րդ միջազգային ցուցահանդես-մրցույթը: Հայաստանի Հանրապետությունից մասնակցում էին ՃՇՀԱՀ Շինարարական արտադրության տեխնոլոգիայի և կազմակերպման ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր շինարար Վարդգես Գրիգորյանը և դասախոս Աշոտ Մխիթարյանը: Ցուցահանդեսին ներկայացված էր 43 երկիր՝ 183 գյուտ: Միջազգային ցուցահանդեսին մասնակցել են բազմաթիվ հյուրեր, նրանց ներկայացվել են գյուտերը, դրանց նշանակությունները: Միջոցառման շրջանակում իրականացվել են հանդիպում-քննարկումներ Քուվեյթի նախարարների հետ, եղել են կարծիքների փոխանակումներ: Ցուցահանդեսի վերջում փակման արարողության ժամանակ պրոֆեսոր Գրիգորյանի «Ֆիքսատորներ մետաղական ամրանների համար» գյուտը արժանացել է արծաթե մեդալի: Մրցանակը հանձնել են Քուվեյթի Էմիրը և Գիտական ակումբի ղեկավարը: Դասախոս Աշոտ Մխիթարյանն արժանացել է մասնակցության հավաստագրի:

Պարոն Գրիգորյանը ցուցահանդեսի վերջում իր շնորհակալական խոսքն է հղել բոլոր մասնակիցներին. «Ողջունում եմ Ձեզ և ուզում եմ շնորհակալություն հայտնել քաղաքային իշխանություններին, Կրթության և գիտության ոլորտի մասնագետներին, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտորին, Հայաստանի դեսպանությանը և բոլոր կազմակերպիչներին, որոնք ջանք և եռանդ չեն խնայել այս ցուցահանդեսը կազմակերպելու համար, նաև շնորհակալություն՝ գյուտը գնահատելու և մեդալի արժանացնելու համար: Մենք այստեղ ոչ միայն փոխանակեցինք մեր մտքերը, այլ նաև մեր հոգու ջերմությունը, որ նույնպես շատ կարևոր է» ասել է պարոն Գրիգորյանը` հավելելով, որ ամենամեծ գյուտը մարդկային ջերմությունն է:

Պրոֆեսորի գյուտը վերաբերվում է շինարարության ոլորտին, մասնավորապես ամրանների տակ ֆիքսատորները տեղադրվում են այնպիսի անկյամբ, որը ապահովում է յուրաքանչյուր տրամագծի համար անհրաժեշտ պաշտպանիչ շերտի բարձրացումը ինչպես նաև ամրանը տեղադրվում է նախագծային դիրքում, ինչը համապատասխանում է ճիշտ նախագծային պայմաններին:

Պրոֆեսոր Գրիգորյանը հեղինակ է 21 գյուտի, 165 գիտական հոդվածների և 16-ից ավելի մասնագիտական գրքերի:

22.02.23