(010) 303-300

ՃՇՀԱՀ-ՈՒՄ ԱՄՓՈՓՎԵԼ Է «B2B ՎԱՃԱՌՔՆԵՐ» ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄՐՑՈՒՅԹԸ

ՃՇՀԱՀ-ում Erasmus+ ծրագրի LISS24 նախագծի շրջանակում անցկացված «B2B վաճառքներ» ինտերակտիվ դասընթացն արդեն ամփոփվել է՝ մրցութային եզրափակիչ փուլով։

Ուսումնական գործընթացը վարել են ինչպես համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, այնպես էլ գործընկեր կազմակերպություններից հրավիրված փորձառու մասնագետներ։ Ծրագրի ընթացքում մասնակիցները զարգացրել են հաղորդակցման և բանակցային հմտությունները, սովորել են վերլուծել հաճախորդների կարիքները, ձևակերպել նպատակային առաջարկներ, կառավարել կոնֆլիկտային իրավիճակները և ավելի խորությամբ հասկանալ գործարար հաղորդակցության առանձնահատկությունները։

Դասընթացի ավարտին անցկացված մրցույթը դարձել է ծրագրի կարևոր ամփոփիչ փուլը։ Մասնակիցները ցուցադրել են իրենց ձեռք բերած գիտելիքներն ու գործնական կարողությունները, իսկ լավագույն արդյունքներ գրանցած երկու մասնակիցները ճանաչվել են հաղթող։

Համալսարանի Աշխատակազմի ղեկավար Փայլակ Կարապետյանը իր խոսքում ընդգծել է․ «Այս նախաձեռնությունը կարևոր հարթակ է ուսանողների համար՝ նոր գաղափարներ ձևավորելու, ստեղծագործ մտածողություն զարգացնելու և գործնական հմտությունները կիրառելու տեսանկյունից։ Մենք արդեն մի քանի անգամ ենք իրականացրել նման ձևաչափով մրցույթներ և յուրաքանչյուր անգամ տեսնում ենք ավելի բարձր արդյունք և ակտիվ ներգրավվածություն։ Շնորհակալ եմ կազմակերպչական թիմին՝ Տաթևիկ Եդոյանի ղեկավարությամբ, Իրինա Վանյանին, Վարազդատ Հովհաննիսյանին և Լուսինե Հարությունյանին։ Վստահ եմ՝ մեր ուսանողները դեռ շատ ավելի մեծ հաջողություններ են գրանցելու թե՛ Հայաստանում, թե՛ միջազգային հարթակներում»։

Մրցույթին մասնակցել են նաև ՃՇՀԱՀ ավագ դպրոցի աշակերտները, ովքեր ներբուհական փուլում զբաղեցրել են առաջին հորիզոնականը։ Բոլոր մասնակիցները պարգևատրվել են մասնակցության վկայականներով և համալսարանի խորհրդանշական նվերներով։

ՃՇՀԱՀ-ը նպատակ ունի նման նախաձեռնությունները դարձնել շարունակական և ամենամյա՝ զարգացնելով ուսանողների գործնական կարողությունները և խթանելով նրանց մրցունակությունը ժամանակակից աշխատաշուկայում։

Միջոցառումը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ համալսարանում ձևավորվում է գործնական գիտելիքի վրա հիմնված կրթական միջավայր, որտեղ ուսանողները հնարավորություն ունեն ոչ միայն սովորելու, այլև կիրառելու իրենց հմտությունները իրական մրցակցային պայմաններում։

27.04.26