Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Հոգաբարձուների խորհուրդը մեկնարկեց իր աշխատանքները խորհրդի ավագագույն անդամի՝ Գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանի խոսքով։ Օրակարգի հաստատումից հետո պարոն Թադևոսյանը անցավ առաջին հարցին՝ խորհրդի նախագահի ընտրությանը։
ՃՇՀԱՀ ռեկտոր Մանուկ Բարսեղյանը, դիմելով ներկաներին, նշեց.
«Հոգաբարձուների խորհրդի նոր կազմն արդեն հաստատվել է, և համաձայն օրենքի՝ այսօր մենք պետք է ընտրենք խորհրդի նախագահ և քարտուղար։ Շնորհակալ եմ բոլորին համալսարանի կյանքում ակտիվ մասնակցության և պատասխանատու մոտեցման համար»։
Այնուհետև առաջարկվեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի թեկնածությունը։ Բաց քվեարկությամբ Հոգաբարձուների խորհրդի նախագահ միաձայն ընտրվեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը։
Եղիազար Վարդանյանը շնորհակալություն հայտնեց խորհրդի անդամներին և մաղթեց արդյունավետ աշխատանք. «Ինձ համար մեծ պատիվ է այս հարազատ մթնոլորտում ղեկավարել հոգաբարձուների խորհուրդը։ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանն առավել դինամիկ զարգացման փուլ է թևակոխել, ինչն արձանագրում են նաև բուհի հետ առնչվող պետական բոլոր գերատեսչությունները։ Մեր միասնական աշխատանքով փորձելու ենք աջակցել և բոլոր ջանքերը գործադրել, որպեսզի այդ զարգացումը դառնա ավելի արագ և շոշափելի»։
Հաջորդ օրակարգային հարցով խորհրդի քարտուղար միաձայն ընտրվեց Դիզայնի ֆակուլտետի փոխդեկան Տաթևիկ Փայտյանը։
Այնուհետև հաջորդ հարցով ռեկտոր Մանուկ Բարսեղյանը ներկայացրեց հաստատման համալսարանի նոր կառուցվածքն ու հաստիքացուցակը։ Նա նախ շնորհավորեց նորանշանակ խորհրդի նախագահին և ողջ խորհրդին՝ ասելով.
«Շնորհավորում եմ և շնորհակալություն եմ հայտնում մշտապես համալսարանի կողքին լինելու համար։ Ձեր աջակցությամբ մենք կայացրել ենք ճիշտ և հեռատես որոշումներ։ Այժմ ներկայացնում եմ կառուցվածքը, որն արդեն արժանացել է գիտական խորհրդի հավանությանը։ Ցանկանում եմ ընդգծել, որ հաստատման դեպքում այն կգործի 2026թվականի հունվարից»։
Նիստի եզրափակիչ հատվածում քննարկվեցին համալսարանում իրականացվող ծրագրերն ու առաջիկա բարեփոխումները, որոնք միտված են կրթական և գիտական միջավայրի շարունակական զարգացմանը։