(010) 303-300

ՃՇՀԱՀ-Ի ՈՒՍԱՆՈՂԸ՝ ՈՍԿԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ WORLDSKILLS GUANGZHOU INTERNATIONAL EXCHANGE COMPETITION ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Գուանչժոու քաղաքում հունիսի 4–27-ը ՃՇՀԱՀ ուսանողներ Լուիզա Մկրտչյանը և Արմինե Հակոբյանը մասնակցեցին WorldSkills Guangzhou International Exchange Competition միջազգային թրեյնինգ-մրցույթին` արժանապատվորեն ներկայացնելով համալսարանն ու Հայաստանը միջազգային մասնագիտական հարթակում։

Ծրագրի շրջանակում ուսանողների հիմնական հյուրընկալող կրթական հաստատությունը Guangzhou Communications Technician Institute-ն էր, որտեղ նրանք մասնակցեցին մասնագիտական թրեյնինգների, աշխատարանների, փորձի փոխանակման և գործնական ուսուցման ծրագրերի։ Դրանք հնարավորություն տվեցին ծանոթանալու Չինաստանում կիրառվող կրթական նորարարական մոտեցումներին, թվային տեխնոլոգիաներին և ոլորտի ժամանակակից լուծումներին։

Միջազգային ծրագրի ընթացքում ուսանողներն այցելեցին նաև մի շարք առաջատար արտադրական և կրթական կազմակերպություններ։ Մասնավորապես, XPENG ընկերության ավտոմեքենաների գործարանում նրանք ծանոթացան էլեկտրական ավտոմեքենաների նախագծման, արտադրության և ավտոմատացված հավաքման գործընթացներին՝ անմիջական պատկերացում կազմելով բարձր տեխնոլոգիական արտադրության կազմակերպման մասին։

Հյուրընկալող հաստատության տնօրենի հրավերով ուսանողները այցելեցին նաև Չինաստանի Չանգշա քաղաքում գործող մասնագիտացված բուհերից մեկը, որն առանձնանում է ֆիլմարտադրության, խաղերի մշակման և մեդիաարտադրության կրթական ծրագրերով։ Այցի ընթացքում նրանք ծանոթացան ուսումնական գործընթացին, կիրառվող տեխնոլոգիաներին, ուսանողական նախագծերին և ստեղծագործական կրթական միջավայրին։

Մասնագիտական ծրագրին զուգահեռ ուսանողները հնարավորություն ունեցան բացահայտելու Չինաստանի հարուստ պատմամշակութային ժառանգությունը՝ այցելելով բազմաթիվ տեսարժան վայրեր, ինչը նպաստեց միջմշակութային հաղորդակցության, միջազգային փորձի և համագործակցության ընդլայնմանը։

Թրեյնինգների ավարտից հետո կազմակերպիչների կողմից ՃՇՀԱՀ-ի ներկայացուցիչներին առաջարկվեց մասնակցել WorldSkills Guangzhou International Exchange Competition միջազգային մրցույթին՝ որպես մասնակից և փորձագետ (Expert)։ Քննարկումների արդյունքում որոշվեց, որ Լուիզա Մկրտչյանը կմասնակցի մրցույթին որպես մասնակից, իսկ Արմինե Հակոբյանը կներգրավվի որպես փորձագետ։

Որպես փորձագետ՝ Արմինե Հակոբյանը մասնակցել է մրցութային առաջադրանքների տեխնիկական պահանջների ուսումնասիրությանը, գնահատման գործընթացի կազմակերպմանը, մրցութային աշխատանքների վերլուծությանը և մասնակիցների գնահատմանը՝ ապահովելով մրցույթի ընթացակարգերի թափանցիկությունն ու մասնագիտական բարձր չափանիշները։

Հատկանշական է, որ մրցույթին մասնակցելու որոշումն ընդունվել է բավական կարճ ժամանակահատվածում, իսկ Լուիզա Մկրտչյանը մինչ այդ տվյալ հմտության մրցութային ուղղությամբ հատուկ նախապատրաստություն չէր անցել։ Մրցույթից առաջ ընդամենը երեք օրվա ընթացքում իրականացվել է ինտենսիվ պատրաստություն, որի նպատակն էր հնարավորինս արագ յուրացնել մրցութային ձևաչափն ու տեխնիկական պահանջները։

Մրցութային բոլոր առաջադրանքների հաջող կատարումն ապահովեց բացառիկ արդյունք․ Լուիզա Մկրտչյանը «Digital Interactive Media Design» հմտության մրցույթում արժանացավ ոսկե մեդալի՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականը։ Հաշվի առնելով նախապատրաստության բացառապես կարճ ժամանակահատվածը՝ այս հաղթանակը դարձավ առավել արժեքավոր՝ վկայելով նրա մասնագիտական պատրաստվածության, արագ սովորելու, նոր միջավայրին հարմարվելու և ստացած գիտելիքները գործնականում արդյունավետ կիրառելու կարողությունների մասին։

Միջազգային ծրագրի ընթացքում ձեռք բերված փորձը, մասնագիտական գիտելիքներն ու ձևավորված համագործակցային կապերը կարևոր ներդրում կդառնան ուսանողների հետագա մասնագիտական զարգացման, ինչպես նաև համալսարանում միջազգային փորձի տարածման և մյուս ուսանողների հետ լավագույն փորձի փոխանակման գործում։

 

03.07.26