(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՃՇՀԱՀ-Ը ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ԳՐԱՑԵԼ Է ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ֆրանսիայի և Արևելյան ու Կենտրոնական Եվրոպայի բարձրագույն ճարտարապետական դպրոցների ցանցի(REA) կողմից կազմակերպված ամենամյա մրցույթն այս տարի անցկացվել է Ֆրանսիայի Թուլուզ քաղաքում, որին մասնակցում էին 12 միջազգային ճարտարապետական դպրոցներ, այդ թվում Թուլուզի, Ռուանի, Բորդոյի, Կիևի, Օդեսայի, Կրակովի և այլ ճարտարապետական դպրոցներ: Մրցույթն անցկացվում է ցանցում ընդգրված ճարտարապետական դպրոցների ներկայացուցիչների միջև: Ծրագրին հայկական կողմը ներկայացրել են Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դասախոսներ Զարուհի Մամյանը ու Նարեկ Ավետիսյանը, և ուսանողներ՝ Դիանա Ասլանյանն ու Էվա Ավագյանը: Հայկական 4 հոգանոց խումբը ներկայացրել է «Սևանա լճի և հարակից բնակավայրերի կառուցապատման խնդիրները» թեմայով նախագիծը:

Ծրագրի այս տարվա թեման է «Ջրային տարածքների տատանումների ազդեցությունը հարակից բնակավայրերի վրա»: Մրցույթն անցկացվել է խմբակային փուլերով՝ ճարտարապետական տնային աշխատանքների և տեղում կատարվելիք աշխատանքների ձևաչափով: Ծրագրի շրջանակներում տեղի են ունեցել նաև դասախոսական գիտաժողով և REA ցանցի մասնակից բոլոր երկրներից եկած ուսանողների խառը միջազգային խմբերի մեկօրյա նախագծային մրցույթ, ինչպես նաև իրականացվել են ճանաչողական այցեր պատմամշակութային վայրեր, հանդիպումներ միջազգային ճանաչում ունեցող ճարտարապետների հետ: Մասնակիցները Թուլուզից ուղևորվել են Գռուիսան քաղաք, որը գտնվում է Միջերկրական ծովի ափին, և իրականացրել ուսումնասիրություն և նախագիծ: Մրցույթին հաղթել է այն խումբը, որտեղ ընդգրկված էր հայկական կողմի ներկայացուցիչներից ՃՇՀԱՀ ուսանողուհի Դիանա Ասլանյանը և «Լավագույն աշխատանք» անվանակարգում մրցանակը հանձնել է անձամբ Գռուիսան քաղաքի քաղաքապետը:

Հայաստանի մասնակիցներից ՃՇՀԱՀ Քաղաքաշինության ամբիոնի վարիչ Զարուհի Մամյանը նշեց. «Ողջունելի է ուսանողների մասնակցությունը նման միջազգային մրցույթներին, մասնավորապես երբ ունենում ենք հաջողություններ և հաղթանակներ: Կցանկանայի շեշտել ծրագրի հատկապես մասնագիտական կազմակերպվածությունը. Ապահովված էր ճարտարապետական շփման առողջ միջավայրը: Հավելեմ, որ ՃՇՀԱՀ-ը ցանցի համակազմակերպիչներից է դեռևս 1993 թվականից և Հայաստանում ՃՇՀԱՀ-ի ղեկավարությամբ մրցույթը մեկ անգամ արդեն իսկ իրականացվել է 2007 թվականին, 2025թ. նախնական համաձայնությամբ, մրցույթը կրկին կանցկացվի Հայաստանում»

13.06.24