(010) 303-300

ՃՇՀԱՀ-Ը ՁԵՌՔ Է ԲԵՐԵԼ «ՇԱՐԺԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՉԱՓԻՉ ՀԱՄԱԼԻՐ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ» ՍԱՐՔԸ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը դարձել է ՀՀ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից հայտարարված գիտական կենտրոնները ժամանակակից սարքավորումներով վերազինելու նպատակով գիտական սարքերի/սարքավորումների գնման համար հայտարարված 2023թ․ մրցույթի շահառու: Ֆինանսավորման արդյունքում ՃՇՀԱՀ-ը ձեռք է բերել «Շարժական ճանապարհային չափիչ համալիր լաբորատորիա» (КП-514 RDT) սարքը:

Սարքը կարևոր նշանակություն ունի ավտոմոբիլային փոխադրումների և երթևեկության կազմակերպման բնագավառում ավտոճանապարհների վթարայնության պատճառների հետազոտման, վտանգավոր տեղամասերի գնահատման և երթևեկության անվտանգության բարձրացմանն ուղղված գործնական առաջարկների մշակման համար: Սարքը հնարավորություն կտա ՃՇՀԱՀ-ի ուսուցման որակը համապատասխանեցնել կրթական համաշխարհային արդիական բարձր չափանիշներին, պատրաստել մրցունակ որակյալ կադրեր, ինչպես նաև, տեսական նյութի մատուցման նորագույն տեխնոլոգիաների կիրառմանը զուգահեռ, ապահովել ուսանողների գիտահետազոտական ու գործնական   հմտությունների զարգացումը:

Ճանապարհների տեխնիկական վիճակի և շահագործական ցուցանիշների ուսումնասիրման, մասնագիտական վերլուծության և անվտանգության անհրաժեշտ միջոցառումների մշակման համար անհրաժեշտ է կատարել բազմակողմանի հետազոտություն չափող գրանցող սարքավորումներով: Սարքի միջոցով կատարվող մի շարք հետազոտություններ հնարավորություն կտան ՀՀՇՆ 32-01-2022 «Ավտոմոբիլային ճանապարհներ» շինարարական նորմերում կատարել լրացումներ և շտկումներ: 

Բուհում սարքը հնարավորություն կտա ուսանողներին, մագիստրոսներին, ասպիրանտներին վերլուծել երթևեկության կազմակերպման տարբեր խնդիրներ,  ճանապարհները շահագործող ընկերություններին, ինչպես նաև ՃՏՊ փորձաքննությունների ժամանակ կատարել անհրաժեշտ պարամետրերի փաստացի արժեքների ընտրություն:

Բացի գիտահետազոտական նպատակով օգտագործելուց շարժական լաբորատորիան հնարավորություն կտա կատարել ուսումնասիրություններ հաստատուն երթուղիներով ուղևորափոխադրումների իրականացման, ՀՀ տարածքում ճանապարհների անվտանգության դասակարգման, ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ռացիոնալ և անվտանգ երթուղիների ընտրության համար:

Չափիչ շարժական համալիր լաբորատորիան հագեցած է գիտության և տեխնիկայի նորագույն սարքավորումներով, ինչը թույլ կտա իրականացնել միջազգային չափորոշիչներին համապատասխան գիտահետազոտական աշխատանքներ:

02.04.24