(010) 303-300

«ՃՇՀԱՀ ԳԱՎԱԹ 2024» ԱՐԱԳ ՇԱԽՄԱՏԻ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐՆ ՈՒ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ

Ավարտվեց «ՃՇՀԱՀ Գավաթ 2024» արագ շախմատի մրցաշարը, որին մասնակցում էին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, ՄՄԿ քոլեջի և ՃՇՀԱՀ ավագ դպրոցի աշակերտներն ու ուսանողները։ Մրցաշարի 26 մասնակիցների մեծ մասը կարգային շախմատիստներ էին, ինչը պայքարը մրցանակային տեղերի համար դարձրեց ավելի թեժ ու դիտարժան։

Տղաների պայքարում հնարավոր 7-ից 7 միավորով և առանց պարտության մրցաշարի հաղթող ճանաչվեց Շինարարության ֆակուլտետի (Շ 31-2) ուսանող Վարդան Սարգսյանը։ Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Տիգրան Արզումանյանը (Ճ 41-2), իսկ երրորդ հորիզոնականը՝ կրկին Շինարարության ֆակուլտետի ուսանող Արթուր Չախոյանը (Շ 42-8)։

Աղջիկների մրցանակային պայքարում հաղթող ճանաչվեց Քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետի ուսանողուհի Մերի Թադևոսյանը (Ք 24), երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Շուշանիկ Կիրակոսյանը (Կ 33-3), իսկ երրորդ հորիզոնականը՝ Անուշ Հակոբյանը (Դ 35-2)։

Այս տարի մրցաշարում աչքի ընկան հատկապես Շինարարության ֆակուլտետի ուսանողները, որոնք առաջին չորս մրցանակային հորիզոնականներից զբաղեցրին երեքը։ Արդյունքում, «ՃՇՀԱՀ Գավաթ 2024»-ի թիմային հաղթող ճանաչվեց հենց Շինարարության ֆակուլտետը։

Մրցաշարի ավարտին իր շնորհակալական խոսքն ասաց կանանց միջազգային գրոսմայստեր, մրցաշարի կազմակերպիչ Լիլիթ Գալոյանը։ Նա նշեց. «Մրցաշարը արդեն դարձել է ավանդական և ամենամյա։ Այն կազմակերպվում է Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ամբիոնի կողմից՝ համալսարանի համապատասխան ստորաբաժանումների աջակցությամբ։ Այս տարի ևս պայքարը մրցանակային տեղերի համար շատ ուշագրավ էր, և հաճելի է, որ պայքարին միացել էին նաև քոլեջի և դպորցի լավագույն սովորողները։ Ուրախ եմ, որ մեր ուսանողները հաճույքով մասնակցում են այս մրցաշարին, որը կազմակերպվում է միջազգային ստանդարտներին համապատասխան»։

Մրցաշարի հաղթողները պարգևատրվեցին մեդալներով, պատվոգրերով և համալսարանի խորհրդանշական հուշանվերներով:

11.12.24