(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՃԱՆԱՉԵՆՔ ՄԵՐ ՃԱՐՏԱՐԱՊԵՏ-ՀԵՐՈՍՆԵՐԻՆ

Ճարտարապետները գիտեն կառուցել, շենացնել, գիտեն ինչպես քարը դնել քարին, որպեսզի Հայրենիքն ավելի ամուր և անվտանգ լինի: Եվ սա ոչ միայն խաղաղ պայմաններում: Պատերազմի մասին լուրն առնելուն պես, կամավորության սկզբունքով, առաջնագիծ մեկնեցին նաև մեր համալսարանի Ճարտարապետության ֆակուլտետի ուսանողները: Նրանց անունները շատ են, շատերը ռազմի դաշտում էին հայտնվում արդեն 2-րդ անգամ՝ մասնակցել էին նաև Ապրիլյան քառօրյա պատերազմին:

«Թշնամին նույնն է, բայց պատերազմները տարբեր էին»՝ փաստում են զրուցակիցներս: Նրանց խոսքերով՝ Ապրիլյանի ժամանակ չհասկացանք, թե ինչ կատարվեց, իսկ հիմա՝ թե ինչ է անընդհատ կատարվում: Մագիստրատուրայի ավարտական կուրսի ուսանող Վահան Հարությունյանը նշում է, որ մեր բանակը հիմա, քան երբևէ, մարտունակ է՝ թե նյութատեխնիկապես, թե զինվորի պատրաստվածությամբ, բայց պայքարն անհավասար էր: Ասում է՝ պատերազմն այնպիսի սթրեսային իրավիճակ է, որում գտնվող ոչ բոլոր զինվորները կարող են հաղթահարել վախերը, տագնապները, մոռանալ աչքի տեսածն ու ցավոտ հիշողությունները. «Ես ինքս պատերազմից հետո ավելի բռնկուն են դարձել, չգիտեմ, դեռ սթերսային վիճակի՞ց է, թե՞ բնավորության գիծ է դարձել»,- ասում է Վահանը:

«Պատերազմի դաշտում ամենառաջինը մարդկային փոխհարաբերություններ են փոխվում»,- ասում է 4-րդ կուրսի ուսանող Սուրեն Ազիզյանը՝ ինքն իրեն ուղղելով, որ ռազմի դաշտ պիտի մեկնես արդեն այդ փոխհարաբերությունները վերանայած. «Դու պիտի պատրաստ լինես ընկերոջդ, կողքիդ կանգնածի համար կյանքդ տալ: Եթե մեկ վայրկյան տատանվես, կզոհվես դու էլ, կողքինդ էլ»: Զրույցի ընթացքում Սուրենը հիշեց նաև, թե ինչպես են իրեն օգնել մասնագիտական կարողությունները: Պատմում է, որ իր խորհրդով ու ցուցումներով էին որոշում խրամատների տեղը, աստիճաններն այնպես էին կառուցում, որպեսզի իջնել-բարձրանալն ավելի դյուրին և անվտանգ լինի. ՙՄի խրամատը փորելու ընթացքում անմիջապես կողքներս ական պայթեց: Թաքնվեցինք ու ոչ մեկս չվիրավորվեց: Ասեցի՝ տեսա՞ք, բա որ ասում էի լավ խրամատ ա», — հիմա արդեն թաքուն ժպիտով պատմում է Սուրենը:

Երբ կանգնած ես թշնամուն դեմ առ դեմ, ոչինչ չես զգում, միայն ուզում ես ողջ մնալ: Սկզբում ուզում ես, հետո արդեն սովորում և, վտանգի, նեղության, վախի պայմաններում, աստիճանաբար, վարպետանում: 23-ամյա Վահագն Հովակիմյանն ասում է, որ պատերազմն էմոցիաները քարացնում է. «Արդեն գնալուց առաջ դու պիտի տրամադրվես, խեղդես բոլոր զգացմունքներդ, որպեսզի այնտեղ ավելի արդյունավետ քեզ դրսևորես: Այսօր, քաղաքացիական կյանքիս վերադառնալուց հետո, իրավիճակներն ավելի ռեալ ու սթափ եմ գնահատում, արժևորում ապրածս կյանքը», — 44 օր կռիվ մղելուց ու տուն վերադառնալուց հետո խոստովանում է Վահագնը:

ՙՊատմական հայրենիք Արցախը մի օր անպայման կրկին իրական կդառնա, դժվարությամբ, բայց կդառնա՚, — հավատացնում են տղերքը:

02.12.20