Այսօր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում իտալական տրամադրություն էր: Իտալական Դիզայնի համաշխարհային օրվան, 100 երկրների հետ միասին, այս տարի մասնակից էր նաև Հայաստանը: Այս օրը Իտալիայի դիզայնի ոլորտի նշանավոր ներկայացուցիչներ հյուրընկալվում են աշխարհի 100 երկրներում՝ ներկայացնելով իտալական դիզայնի նմուշներն ու առանձնահատկությունները:
Այսօր այդ կապակցությամբ մեր համալսարանում էին Միլանի Պոլիտեխնիկական համալսարանի արդյունաբերական դիզայն ֆակուլտետի շրջանավարտ Դավիդ Դոլչինին, ում գործերը պարբերաբար ցուցադրվում են աշխարհի լավագույն թանգարաններում, և Հայաստանում Իտալիայի դեսպան Ջովանիո Ռիչուլին:
Հյուրերին դիմավորեցին ՃՇՀԱՀ ռեկտոր Գագիկ Գալստյանը, պրոֆեսորադասախոսական անձնակազմն ու մեծ թվով ուսանողներ: Իր ողջույնի խոսքում ռեկտոր Գալստյանը Իտալական դիզայնի համաշխարհային օրը անվանեց բոլորինը՝ նշելով, որ իտալական դիզայնի նմուշներն ու վառ երևակայությունը մշտապես դասական օրինակ են յուրաքանչյուրի համար: Ընդգծելով մեր համալսարանի և Միլանի Պոլիտեխնիկի միջև ակտիվ ու արդյունավետ համագործակցության փաստը՝ ռեկտոր Գալստյանը հույս հայտնեց, որ Դավիդ Դոլչինիի այցը խթան կհանդիսանա համագործակցության նոր եզրերի, հայ և իտալացի ուսանող դիզայներների շփման համար:
Նշանակալից օրվա առթիվ իրենց ողջույնի խոսքերը հղեցին նաև դեսպան Ռիչուլին և ՃՇՀԱՀ-ի Դիզայնի ֆակուլտետի դեկան Արմեն Բուբուշյանը: Նրանք ևս կարևորեցին 100 երկրների շարքում մեր երկիրն ընդգրկելու փաստը:
Դավիդ Դոլչինին շտապեց խոսել. տպավորված էր մեր հյուրընկալությամբ, ուսանողների ակտիվությամբ, հետաքրքրասիրությամբ, հարցեր առաջադրելու և քննարկումներ իրականացնելու պատրաստակամությամբ: Նա պատմեց իր ուսանողական տարիների, նախասիրությունների, աշխատելու ոճի և արվեստի ու դիզայնի մասին իր պատկերացումների մասին: Ասվածն ավելի խոսուն դարձնելու նպատակով՝ Դոլչինին դատարկաձեռն չէր եկել. նա իր հետ բերել էր ֆիլմ, որում ապացուցում էր, որ ամեն ինչ բնությունից է ծնվում, հետևաբար դիզայնն էլ, ճարտարապետությունն էլ պետք է համահունչ լինեն բնությանը:
«Մարդու ինտերիերը պետք է հարմարավետ լինի, թեկուզ, եթե նա քարանձավում է ապրում». այս համոզմունքով Դոլչինին հորդորեց ուսանողներին սիրել իրենց մասնագիտությունը, նվիրվել այն մեծ գաղափարին, որը կոչված է մարդու կյանքը գեղեցիկ ու հարմարավետ դարձնելուն: