ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Աղվերանում կայացավ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և Կառուցապատողների հայկական ասոցիացիայի համատեղ կազմակերպած երկօրյա աշխատաժողովը, որը կրում էր «ՀՀ անշարժ գույքի ոլորտի մարտահրավերները և զարգացման ուղիները» խորագիրը: Աշխատաժողովը նպատակ ունի վերհանել ՀՀ անշարժ գույքի ոլորտի մարտահրավերները, հիմնախնդիրները, մատնանշել զարգացման ուղիները և ստեղծել ոլորտի մասնակիցների համագործակցության բարելավման մեխանիզմները:
Աշխատաժողովը մեկնարկեց ՃՇՀԱՀ ռեկտորի ժ/պ Մանուկ Բարսեղյանի ելույթով: Պարոն Բարսեղյանը ողջունելով ներկաներին նշեց. «Այս աշխատաժողովը նշանակալի իրադարձություն է բոլորիս համար, որի ընթացքում կփորձենք պատասխաններ գտնել հրատապ մարտահրավերներին դիմակայելու և Հայաստանի անշարժ գույքի շուկայի հսկայական ներուժն օգտագործելու ուղղությամբ: Առաջին անգամ անշարժ գույքի ոլորտի մեր առաջատար դերակատարները համախմբվել են մեկ հարկի ներքո, որպեսզի բովանդակալից երկխոսություն վարեն, փոխանակվեն անգնահատելի փորձով ու գիտելիքներով, և համագործակցեն մեր երկրում արդյունավետ կառուցապատված միջավայր ունենալու գործում։
Այս աշխատաժողովի ամենակարևոր կողմերից մեկը նաև գործընկերների միջև արդյունավետ համագործակցության հաստատումն է և շուկայական խնդիրների լուծումը: Հատկապես կարևոր է այս ոլորտի համար մասնագետներ պատրաստելու մեր հանձնառությունը։ Կարծում եմ ձեզանից շատերը տեղյակ են, որ ներկայումս հայկական բուհերում բացակայում են կրթական ծրագրերը, որոնք հարմարեցված են հատուկ անշարժ գույքի շուկայի մասնագետների պատրաստմանը: Մեր հավաքական պարտականությունն է լուծել այս բացը և ճանապարհ հարթել հմուտ մասնագետների հաջորդ սերնդի համար, ովքեր կխթանեն նորարարությունը, կայունությունը և բարգավաճումը մեր անշարժ գույքի ոլորտում»:
Ելույթով հանդես եկավ նաև Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը. «Ներկայումս քաղաքաշինության ոլորտում իրականացվող գործընթացները նպաստում են երկրում անշարժ գույքի շուկայում առկա խնդիրների լուծմանը և ներդրումային գրավչության բարձրացմանը: Այս գործընթացում նաև կարևորվում է ինստիտուցիոնալ գործընթացների պարզեցման հնարավորությունները: Այդ թեմաների քննարկումը համայնքներում նպաստում է նաև հասարակության իրազեկվածության բարձրացմանը, իսկ տվյալ աշխատաժողովի առաջադրված ձևաչափը, որի մեջ ամփոփված են տարբեր շերտերը ներկայացնող բաղադրիչները, դիտարկել խնդրին վերաբերող հարցերի լուծումները տարբեր շահառուների տեսանկյուններից, հետևաբար առաջադրված խնդիրների ի հայտ եկած լուծումները կունենան համակողմանի ուղղվածություն: Եվս մեկ անգամ ողջունում եմ ներկաներին և մաղթում արդյունավետ աշխատաժողով»:
Իր ողջույնի խոսքը հղեց նաև Կառուցապատողների հայկական ասոցացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը.«Անշարժ գույքի շուկան հանդիսանում է երկրի համար հարստություն, քանի որ այն մնայուն արժեք է և երկրից դուրս չի գալիս: Այսօրվա մեր հավաքը ողջունելի է, քանի որ քննարկվելու են ոլորտային խնդիրները, դրանց արդյունավետ լուծումները, պետական կարգավորման խնդիրները, և ողջունելի է նաև բոլոր ներկաների մասնակցությունը, շատ ողջունելի է նաև բուհից ներկայացուցիչներ ունենալը, քանի որ հենց բուհական մտքի շնորհիվ շատ հաճախ հնարավոր է լինում գիտելիքահեն բազայի վրա կառուցել խնդիրների լավագույն տարբերակները»:
Աշխատաժողովին զեկուցումներով հանդես եկան վերոնշյալ 3 կառույցների ներկայացուցիչները, որոնք ներառում էին անշարժ գույքի շուկան, դերը երկրի տնտեսության մեջ, ոլորտի կարգավորման հիմնական խնդիրները և լուծման ուղիները, հողի նպատակային օգտագործման իրավական կարգավորման և կառավարման խնդիրները ՀՀ-ում, գնահատման իրավակարգավորումները, մասնագետների պատրաստման հնարավորությունները և այլ ուղղությունները: Զեկուցումներով հանդես եկան նաև ՀՀ Էկոնոմիակայի նախարարության, Հայաստանի շինարարների միության, «Փորձագիտական խորհուրդ» գնահատողների ինքնակարգավորվող համահայկական միության, Երևանի պետական համալսարանի ներկայացուցիչները:
Աշխատաժողովն ամփոփվեց կողմերի միջև հուշագրի և համագործակցության պայմանագրերի կնքմամբ: