(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԿԱՆԱՅՔ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

Շինարարությունը ժամանակակից աշխարհում զարգացող մասնագիտություններից է: Ոլորտում երիտասարդների ընդգրկվածության, նրանց ընդունված լինելու մասին խոսել ենք ոլորտում երիտասարդ  շինարար Իրինա Վանյանի հետ:

1. Ինչպե՞ս որոշեցիք դառնալ շինարար ու Արցախից գալ Երևան:

2016թվականին ապրիլյան պատերազմից հետո մայիսի սկզբին հայրիկիս հետ Արցախից եկանք Երևան թղթերը հանձնելու՝ համալսարան ընդունվելու համար: Մինչ այդ բոլորը մտածում էին, որ Իրինան ընդունվելու է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան ու դառնալու է բժիշկ: Սակայն երբ գնում ենք նախարարություն, մեզ են տալիս մասնագիտությունների ցանկը ու այնտեղ տեսնում եմ «Շենքերի նախագծում» բաժինը, ինչ-որ ներքին ձայն ինձ ասում է, որ «սա քոնն է», «դու պետք է սա ընտրես», որովհետև ես միշտ երազել եմ մարդկանց համար ինչ-որ նոր ու լավ բաներ ստեղծել: Ու հենց այդ պահին հայրիկիս ասում եմ, որ ես ուզում եմ այդ բաժինն ընտրել, հայրս, իհարկե, ընդդիմանում է, ինձ իմ նախկին երազանքների մասին հիշեցնելով: Բայց ես պնդեցի, ու վստահ էի որոշմանս մեջ, նույնիսկ հնարավորություն ունեի մի քանի բաժիններ նշելու, որ եթե մեկը չտացվի մյուս մասնագիտությունը սովորեմ, բայց ես նշել էի միայն այդ բաժինը: Ու Աստված չաներ՝ ես չընդունվեի, մի տարի հնարավորություն չէի ունենա մասնագիտություն ստանալու, բայց ամեն ինչ լավ ավարտվեց: Իհարկե ինձ դժվար էր թողնել հայրենի բնօրրանը , սակայն ցանկությունս շատ մեծ էր և այսօր ես դարձել եմ շինարար:

2. Կան երիտասարդներ աղջիկներ, ովքեր դժվարությամբ են պատկերացնում իրենց, որպես կին-շինարար: Ինչպիսի՞ն էր արձագանքը Ձեր պարագայում և ինչպե՞ս են արձագանքում աշխատաշուկայում երբ տեսնում են երիտասարդ և կին շինարարի:

Մեր ամբողջ կուրսում եղել ենք 3 աղջիկ: Դասախոսներն էլ մի քիչ թերահավատորեն էին մոտենում, որ աղջիկը կարող է այդ մասնագիտության մեջ հաջողություններ գրանցել, բայց ջանք չէին խնայում սովորեցել առավելագույնը:

Ես կարճահասակ եմ, ինչպես ասում են «փոքր-մոքր եմ» ու շինհրապարակներ այցելելիս շատ հաճախ անհասկանալի արձագանքի էի հանդիպում: Երբեք ոչ մեկի մոտ առաջին հայացքից վստահություն չեմ ներշնչել ու սկզբնական շրջանում արհեստավորները ինձ դիմում էին ավանդական «ազիզ ջան», «բալիկ ջան»-ով, սակայն աշխատանքի ինչ-որ փուլում ընկալեցին ինձ որպես շինարար ու ի հայտ եկավ հարգանքը: Սկզբնական շրջանում դժվար էր իհարկե, նույնը չեմ կարող ասել այսօրվա մասին, քանի որ այսօր ի տարբերություն այն ժամանակների, երբ ես էի ավարտում, լրիվ այլ պատկեր է: Այսինքն շինարարության ոլորտում կարող ես տեսնել բազում կին աշխատողներ՝ կին-շինարարներ, կին-ճարտարապետներ, նախագծողներ նույնիսկ տեխնիկական հսկիչներ, ովքեր լավագույնս տիրապետում են իրենց մասնագիտությանը: Այսօր բավականին կոտրված է այդ կարծրատիպային մոտեցումը կին-շինարարների պարագայում: Հետո հաճախ շինարարություն ասելով շատերը պատկերացնում են միայն շին հրապարակներում իրականցվող բուն շինարարական պրոցեսը, բայց ես միանշանակ կարող եմ ասել որ շինարարության մի ահռելի բաժին է կազմում օրինակ նախագծումը, որտեղ շատ կանայք կարղանում են իրենց դրսևորել ոչ պակաս արհեստավարժ քան տղամարդիք:

3. Այժմ ի՞նչ գործունեություն եք ծավալում: Արդյոք շինարարության ոլորտում եք թե՞ հեռացել եք մասնագիտությունից:

Ես երբեք չեմ հեռացել շինարարության ոլորտից: Աշխատում եմ ոլորտում արդեն 5 տարի: Աշխատել եմ նույնիսկ որպես ճարտարապետ, ինտերիեր դիզայնի գծագրեր եմ արել ու շփումս շինարարների հետ միշտ եղել է: Այժմ էլ թե՛ ճարտարապետական, թե՛ դիզայնի նախագծեր եմ ղեկավարում, ինքս էլ նախագծեր եմ անում: Ցանկություն չունեմ հեռանալու շինարարությունից, սա այն էր ինչը ինձ պետք էր և ես գտա ու շարունակում եմ դեռ գտնել ինձ այս ոլորտում:

Այժմ սովորում եմ արտերկրում հարակից մասնագիտություն՝ Քաղաքաշինության բաժինն եմ ուսումնասիրում: Ինձ համար սա առավել կապված է շինարարության հետ, քան «Շենքերի նախագծում» բաժինը: Այսինքն եթե «Շենքերի նախագծում» բաժնում շենք ենք նախագծում, ապա այս դեպքում շատ ավելին է աշխատանքի ծավալը: Հույս ունեմ, որ օրերից մի օր կկարողանամ ներգրավվել կամ ընդհուպ հեղինակել  ՀՀ որևէ քաղաքի զարգացման ծրագիր:

Այժմ իմ դիպլոմային աշխատանքում իրականացնում եմ Դիլիջան քաղաքի տարածքային զարգացման քաղաքաշինական նախագիծը: 1 տարի է՝ աշխատում եմ նախագծի վրա, և ինձ միշտ այստեղի արտասահմանցի դասախոսները ասում են. «Այնքան հաճույքով ու մանրամասն ես աշխատում նախագծիդ վրա, որ միանգամից երևում է որ այն հայրենի քաղաքն է»: Ես իհարկե հակառակը չեմ ասում, քանի որ  բայց հպարտությամբ եմ լսում, երբ ասում են որ նիրված եմ  երկրիս:

4.Ի՞նչ է Ձեզ գրավել այս ոլորտում:

Ոլորտը ինքնին գրավիչ է եղել ինձ համար հենց սկզբից, երբ բժիշկ դառնալու փոխարեն դարձա շինարար: Միշտ ցանկացել եմ ստեղծել. ստեղծել նորը, ստեղծել լավը: Կարճ ասած մի լավ բան անել մարդկանց համար: Ինձ համար շինարարը ամենաստեղծող և արարողն է: Այն մարդն է, որը երբեք չի դադարում ստեղծել, երբեք չի դադարում աշխատել մարդկանց համար:

5. Որպես ամենաերիտասարդներից մեկը շինարարության ոլորտում ի՞նչ խորհուրդ կտաք Ձեզանից հետո եկող սերունդին, որոնք դեռ չեն կողմնորոշվել դառնալ շինարար թե՞ այլ մասնագետ:

Իմ անձնական փորձից կարող եմ ասել, որ կանայք և աղջիկները երբեք չկաշկանդվեն նրանից, որ իրենց կարող է թերահավատորեն մոտենան: Ես կարծում եմ, որ մեր ոլորտը ունի կանանց կարիք ովքեր իրենց քրտնաջան աշխատանքով ավելի են բարձրացնում մատուցվող ծառայություների որակը: Եթե դու ունես ունես որակյալ կրթություն ու գիտելիք, ոչ ոք չի կարող քեզ կամ քո արած գործին մոտենալ թերահավատորեն:

Կարևոր է, որ հստակ հասկանաս՝ դու արդյոք ցանկանում ես դառնալ շինարար թե՞ոչ, քանի որ այս մասնագիտությունը երկընտրանք չի սիրում, եթե շինարար ես ուրեմն շինարար ես ամբողջ հոգով սրտով և ներաշխարհով:

 

24.05.23