(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԿԱՅԱՑԱՎ ԲԱԼՏՐՈՒՇԱՅՏԻՍԻ ԱՆՎԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ

Կայացավ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության դեսպանության, «Պետրոս Ալոյան» հիմնադրամի, «Մեդիամաքս» գործակալության կողմից համատեղ իրականացվող  ամենամյա մրցանակաբաշխությունը, որը կրում է լիտվացի պատմաբան, արվեստաբան և համեմատական հետազոտությունների հիմնադիր Յուրգիս Բալտրուշայտիսի անունը: Մրցանակաբաշխությունը իրականացվում է «Պետրոս Ալոյան» հիմնադրամի ֆինանսավորմամբ: 

Մրցանակաբաշխությանը ներկա էին Հայաստանում Լիտվայի Արտակարգ և լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասը, ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանը, Լիտվայի Հանրապետության փոխդեսպան  Վիսմանտե Դայլիդենայտե, «Պետրոս Ալոյան» հիմնադրամի տնօրեն Աննա Ալոյանը, «Պետրոս Ալոյան» հիմնադրամի հիմնադիր նախագահ Հայկ Ալոյանը, Հայաստանի Ճարտարապետների պալատի պատվավոր նախագահ Մկրտիչ Մինասյանը, Միջազգային կապերի գծով պրոռեկտոր  Վարդգես Եդոյանը, Ճարտարապետության ֆակուլտետի դեկան Արմեն Շատվորյանը, համանուն ֆակուլտետի ամբիոնի վարիչները, դասախոսներ, ուսանողներ և այլ պատվավոր հյուրեր: 

Ռեկտոր Եղիազար Վարդանյանը ջերմորեն ողջունելով ներկաներին շնորհավորեց Լիտվայի Արտակարգ և լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասին  դեսպան նշանակվելու կապակցությամբ և վստահեցրեց, որ դեսպանության հետ ձևավորված ակտիվ և կայուն համագործակցությունը կունենա շարունակական բնույթ: Պարոն Վարդանյանը նշեց. «Դեսպանության բարձր աջակցությամբ, «Պետրոս Ալոյան» հիմնադրամի, «Մեդիամաքս» գործակալության և մեր համալսարանի միջև ձևավորված արդյունավետ համագործակցության շնորհիվ արդեն յոթերորդ տարին անցկացվում է այս գեղեցիկ մրցանակաբաշխությունը: 

Այսօր իրականացվում է այս տարվա մրցույթի ավարտական փուլը: «Պատմաճարտարապետական միջավայրի արդիականացում» թեմայով մրցույթին մասնակցել են Ճարտարապետության ֆակուլտետի 3 մասնագիտական ամբիոնների մագիստրատուրայի ավարտական կուրսի ուսանողները, որոնք աշխատանքները ներկայացրել են դեռևս առաջին կուրսում: Մեր ուշադրությանը կներկայացվեն մրցույթի առաջին փուլը հաղթահարած 6 լավագույն աշխատանքները: Վստահ եմ, որ բոլոր աշխատանքները ունեն լավագույնը դառնալու մեծ հնարավորություն և անկախ արդյունքից արդեն հաջողել են բոլոր մասնակիցները, քանի որ հասել են այս կարևոր փուլին: Մեծապես կարևորելով մրցանակաբաշխության կայացումը ցանկանում եմ արդյունավետ աշխատանք:»: 

Մինչ աշխատանքները ներկայացնելը պարոն Վարդանյանը  Լիտվայի Արտակարգ և լիազոր դեսպանին նվիրեց Հայաստանի Հանրապետության ժողովրդական և վաստակավոր նկարիչ, ՃՇՀԱՀ պրոֆեսոր Հրանտ Թադևոսյանի նկարների գիրքը: Լիտվայի Արտակարգ և լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասը իր հերթին հայտնեց իր գոհունակությունը՝ նշելով, որ իր համար մեծ պատիվ է ներկա գտնվել իր հայրենակից Բալտրուշայտիսի անվան մրցանակաբաշխությանը և կարևորեց մրցույթի անցկացումը՝ հայտնելով դեսպանատան պատրաստակամությունը խորացնելու համագործակցությունը համալսարանի հետ: 

Մեկնարկեց աշխատանքների ներկայացումը: Ներկայացված բոլոր աշխատանքներն աչքի էին ընկնում հետաքրքիր լուծումներով և առաջարկներով, իսկ ներկայացված նախագծերի միջև ընտրություն կատարելիս կարևորվել է ուսանողի` հինը պահպանելու և այն նորովի մատուցելու ձգտումն ու կատարած մանրակրկիտ աշխատանքը: 

Մրցութային հանձնաժողովը  ուսումնասիրությունից և  քննարկումներից հետո հաղթող ճանաչեց Ճարտարապետության ֆակուլտետի Ճարտարապետության տեսության, պատմության և ժառանգության ամբիոնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի  Կարինե Կարենի Հակոբյանին: Վերջինիս աշխատանքը վերաբերում է «Հին Նորք» թաղամասի պատմական կառուցապատման պահպանությանը և ռեգեներացիային:  

Մրցանակաբաշխության ավարտին հանձնաժողովի անդամները շնրհակալություն հայտնելով ուսանողներին նշեցին, որ մրցույթը նպաստում է ուսանողների զարգացմանը,  մասնագիտական հմտությունների խորացմանը և օգնում կայանալ որպես ապագա ճարտարապետ: 

01.12.23