Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան այցելեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Նորին գերազանցություն դոկտոր Աբբաս Բադախշան Զոհուրին: Հանդիպման սկզբում ՃՇՀԱՀ ռեկտորի, պրոռեկտորների, ՀՀ վաստակավոր նկարիչ Հրանտ Թադևոսյանի, ճարտարապետ Արմեն Մինասյանի ուղեկցությամբ շրջայց կատարվեց համալսարանի լաբորատորիաներում: Այցի հիմնական նպատակը համալսարանի գիտակրթական ու հետազոտական գործընթացների ներկայացումն էր:
Շրջայցից հետո ՃՇՀԱՀ ռեկտոր, պրոֆեսոր Եղիազար Վարդանյանն ողջունեց հյուրերին: Ներկայացրեց Իրանի Շարիֆ տեխնոլոգիական համալսարանի շինարարության ֆակուլտետի, Թեհրանի համալսարանի գեղարվեստի քոլեջի, Երկրաշարժագիտության ու սեյսմիկ ճարտարագիտության միջազգային ինստիտուտի, Բաբոլ Նոշիրվանի տեխնոլոգիական համալսարանի հետ ստորագրված համագործակցության համաձայնագրերը, որոնց շրջանակում նախատեսվում է ճարտարապետության, ճարտարագիտության, շինարարության ոլորտներում համատեղ կրթական ծրագրերի, գիտահետազոտական նախագծերի իրականացում: Շեշտվեց, որ ՃՇՀԱՀ-ն, լինելով Հայաստանում միակ ճարտարապետաշինարարական կրթօջախը, ակտիվորեն ներգրավված է տարածաշրջանային կարևոր ու խոշոր շինարարական նախագծերում. իրականացվում են հետազոտական/փորձագիտական, աշխատանքներ: Ռեկտորը առաջարկեց սերտ համագործակցություն հաստատել նաև իրանցի այն գործընկերների հետ, որոնք ակտիվորեն ներգրավված են ճարտարապետաշինարարական ոլորտում իրականացվող նախագծերում:
Պրոֆեսոր Վարդանյանն ընդգծեց համալսարանի և Իրանի գործընկեր բուհերի միջև ուսանողների ու պրոֆեսորադասախոսական անձնակազմերի փոխանակման, համատեղ կրթական ծրագրերի, ավարտական աշխատանքների և այլ համատեղ միջոցառումների կարևորությունը, որի արդյունքում հնարավոր կլինի հասնել երկու երկրների կողմից տրվող դիպլոմների փոխճանաչմանը: Դոկտոր Աբբաս Բադախշան Զոհուրին իր պատասխան խոսքում շնորհակալություն հայտնեց հրավերի համար՝ նշելով, որ տարածաշրջանի առկա իրավիճակում մեծ կարևորություն է տրվում մշակույթի, կրթության, գիտության բնագավառներում սերտ կապերի զարգացմանն ու առկա ներուժի ճիշտ կիրառմանը: Դեսպանը շեշտեց, որ Իրանը աշխարհում նանոտեխնոլոգիաների ոլորտում առաջատարներից մեկն է, և առաջարկեց համագործակցել նշված ոլորտում: Կարևորվեց տարածաշրջանում ճանապարհաշինության ոլորտում երկու երկրների բուհերի ու համապատասխան կազմակերպությունների համագործակցությունը:
Դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին պատրաստակամություն հայտնեց հնարավոր աջակցություն ցուցաբերելու դիպլոմների փոխճանաչման ու առաջադրված այլ հարցերի շրջանակում:
Հաջորդիվ Արմեն Մինասյանն ու Իրինա Վանյանը ներկայացրին համալսարանի գործունեության մասին մանրամասն տեղեկատվություն:
Հանդիպման ավարտին ՀՀ վաստակավոր նկարիչ Հրանտ Թադևոսյանն իր նոր հրատարակած գիրքը նվիրեց դեսպանին և հրավիրեց իր աշխատանքների՝ համալսարանի 100-ամյակին նվիրված, առաջիկայում կայանալիք ցուցահանդեսին: Դեսպանը նույնպես խորհրդանշական նվեր հանձնեց համալսարանի ռեկտորին՝ խորին շնորհակալություն հայտնելով բովանդակալից ու արդյունավետ հանդիպման համար: