(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԻՐԱԿԱՆԱՑԱՎ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՄՐՑՈՒՅԹ

ՃՇՀԱՀ-ում կայացավ Ճարտարապետական նախագծման և ճարտարապետական միջավայրի դիզայնի ամբիոնի կազմակերպած ուսանողական նախագծերի ցուցահանդես-մրցույթը: Ցուցասրահում ներկայացված էին Ճարտարապետության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողների արդյունաբերական և հասարակական շենքերի նախագծերը:

Բացման խոսքով հանդես եկավ Ճարտարապետական նախագծման և ճարտարապետական միջավայրի դիզայնի ամբիոնի պրոֆեսոր, ցուցահանդեսի կազմակերպիչ Գառնիկ Ստեփանյանը: Պարոն Ստեփանյանը շնորհավորելով բոլորին ցուցահանդեսի կապակցությամբ, նշեց, որ սա մոտիվացիա է դառնալու ցածր կուրսի ուսանողների համար, քանի որ լավ աշխատանքները ավելի լավը ստեղծելու ձգտում են առաջացնում ուսանողների մոտ: Գառնիկ Ստեփանյանը բոլոր մասնակիցներին մաղթեց հաջողություններ:

Ցուցահանդեսին ներկա էր ՃՇՀԱՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Մանուկ Բարսեղյանը: Պարոն Բարսեղյանը նշեց. «Շնորհավորում եմ բոլորին, առանձնահատուկ մեր ուսանողներին նման գաղափարներ ունենալու և մեր դատին հանձնելու համար: Ողջունում եմ նաև այս դասավանդման մեթոդաբանությունը, այն մեր համալսարանում նոր է և, կարծում եմ, որ յուրահատուկ է ու հետագայում ամուր հիմքեր կունենա: Այս գործընթացը հնարավորություն կտա, որ մեր ճարտարապետական կրթության մակարդակը ավելի բարձրանա»:

Մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկվել են միայն բուհի մագիստրատուրայում գերազանց սովորող ուսանողները, որոնք բակալավրիատում սովորելու տարիներին արդեն անցել են այս փուլը և այսօր կկարողանան օբյեկտիվ գնահատել իրենց կրտսեր ընկերների աշխատանքները: Սա նրանց համար ևս փորձ է, որ ոչ հեռու ապագայում գործնական գործունեություն ծավալելիս, ուսանողներին անհրաժեշտ է լինելու նաև գնահատելու հմտությանը տիրապետել:

Ուսանողների խոսքով մրցույթի ֆորմատը իրենց համար ևս նոր է և իրենք մեծ ոգևորվածությամբ սպասում են ցուցահանդես-մրցույթի արդյունքներին:

13.04.24