(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՀԱՂԹԵՑ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ

Լուսանկարում Ալբերտն ու Սուրենն են: Երբ 2019թ-ին ընդունվեցին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան, ծանոթացան, իսկ Ուսանողական խորհրդի կողմից կազմակերպած ձմեռային ճամբարի ընթացքում դարձան մտերիմ ընկերներ, և չէին էլ կարող պատկերացնել, որ շատ չանցած իրենց ընկերությունն ավելի է ամրապնդվելու և արժևորվելու:

Ճարտարապետության ֆակուլտետի ուսանող Ալբերտ Հովհաննիսյանն ու Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետի ուսանող Սուրեն Սահակյանը ժամկետային զինծառայության են մեկնել միաժամանակ, երկուսն էլ՝ Հադրութ: Ընկերներին վիճակված էր անցնել իրենց կյանքի, թերևս, ամենածանր ու ցավոտ ճանապարհը միասին: Մի քանի ամսվա զինվորների համար պատերազմը նման էր վատ երազի, բայց առանց արթնացումի՝ հանկարծակի, սարսափեցնող, խավարով շղարշված: Բայց արթնանալ, սթափվել ու պատվով հաղթահարել էր պետք: Ալբերտը խոստովանում է, որ մահվան վախն առաջին մի քանի օրն է գլխում պտտվել, այն էլ. «Ես ինձ համար չէի վախենում, ավելի շատ մտածում էի ընտանիքիս մասին»:

Փոշոտ ու կրակով ցանկապատված ճամփան ընկերներն անցել են անբաժան. Հադրութ, Ֆիզուլի, Մարտունի, Շուշի: «Կյանքի ու մահվան կռիվ էր Շուշիում»,-պատմում են ընկերները. Սուրենը՝ Արցախից, խրախուսական արձակուրդի եկած Ալբերտը՝ մեր կողքին նստած: Ամենասարսափելին հենց Շուշիում էր, շրջափակման մեջ ընկած ընկերները, սակայն, հանձնվել չէին կարող, խոստացել էին ողջ մնալ…

«Հա՞յ եք, առաջ եկեք, հա՞յ եք»,- սեփական ուժերին ապավինելով՝ ձորի խորխորատից դուրս գալու փորձի ժամանակ լսում են տղաները: Մոտենում են՝ կարծելով, թե ձայն տվողները հայ են, այնինչ պարզվում է՝ ոչ. ՙՄոտեցանք ու սկսվեցին կրակոցները: Թեև իրենք շատ էին, բայց այնպես արեցինք, որ վախեցան ու փախան: Երբ մնացին երկու հոգի, ձեռքով կրակի դադարեցման նշան արեցին: Ու հետո սկսվեց բանակցությունը»: Մեր զարմանքին, թե ինչպես կարելի է բանակցել թշնամու հետ, Ալբերտն ու Սուրենը ժպտում են՝ իրենք էլ են զարմացել, երբ փոխադարձ համաձայնության են եկել և ողջ ու առողջ դուրս եկել շրջափակումից:

Իսկ կյանք ու կռիվ տեսած ընկերությունն ավելի՞ ամուր է. «Ես կասեի՝ ամբողջ կյանքի համար է»:

23.02.21