(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԷՐԱԶՄՈՒՍ+ FLEXWBL ՆԱԽԱԳԾԻ ԱՄՓՈՓԻՉ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ

Լատվիայի Լիեպայայի համալսարանում կայացավ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ FlexWBL «Հայաստանի և Ռուսաստանի բարձրագույն կրթության աշխատանքահեն ուսուցման ճկուն, նորարարական և գործնական շրջանակի մշակում»  նախագծի ամփոփիչ աշխատաժողովը: Աշխատաժողովին Հայաստանի Հանրապետությունից մասնակցում էին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի և Գավառի պետական համալսարանի պատվիրակությունները: 

FlexWBL Erasmus+ նախագծի աշխատանքները մեկնարկել են 2019 թվականից: FlexWBL նախագծի նպատակն է նպաստել Հայաստանի ազգային բարձրագույն կրթական համակարգերում աշխատանքի վրա հիմնված ուսումնառության մոտեցման (WBL) ներդրմանը:

Համալսարանի ներկայացուցիչները աշխատաժողովի ընթացքում ներկայացրին FlexWBL նախագծի շրջանակում կատարված աշխատանքները, մեկնարկած «Նախագծերի կառավարում» (շինարարության ճյուղում) պիլոտային մագիստրոսական կրթական ծրագրի մանրամասները, ուսումնական պլանում իրականացված համապատասխան փոփոխությունները, ինչպես նաև գործընկեր կազմակերպությունների հետ ձեռքբերված պայմանավորվածությունները:  

Արտաքին աուդիտորների հետ հանդիպման ընթացքում հարց ու պատասխանի ձևաչափով քննարկվեցին նախագծի շրջանակում ձեռքբերված արդյունքները, գնահատվեցին բուհերի կատարողականների ցուցանիշները:  

Հատկանշական է, որ եվրոպական գործընկեր համալսարանների հետ համագործակցությունն ընթանում է ոչ միայն նախագծի շրջանակում: 2023 թ. փետրվարին Ավստրիայի Լինցի Դիոցեզեի անվան համալսարանում կազմակերպված աշխատանքային հանդիպման ընթացքում նախագծի համակարգող բուհի՝ Լատվիայի Լիեպայայի համալսարանի կողմից ստացվել էր համագործակցության առաջարկ, որի արդյունքում համալսարանի 2023-2024 թթ. Էրազմուս+ շարժունության ծրագրում ընդգրվեց նաև ՃՇՀԱՀ-ը: Ծրագիրը նախատեսվում է 2023-2024 ուստարվա ընթացքում յուրաքանչյուր բուհի  կողմից 5-7 դասախոսի և ՃՇՀԱՀ 8 ուսանողի փոխանակում: Նախագծի համակարգող բուհը՝ Լատվիայի Լիեպայայի համալսարանը ներկայացնելով իրենց և ՃՇՀԱՀ-ի համագործակցությունը որպես հաջողված օրինակ, առաջարկեց մյուս համալսարաններին ևս դիտարկել նմանատիպ ձևաչափերով համատեղ աշխատելու հնարավորությունը:  

Լիեպայայի գործուղման ընթացքում ՃՇՀԱՀ-ը ստացավ ևս մեկ համագործակցության առաջարկ՝ Լատվիայի Կիրառական գիտությունների համալսարանի (EKA) կողմից:

31.10.23