(010) 303-300

ԷՐԱԶՄՈՒՍ+ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԳԱՎԱՌՈՒՄ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾՐԱԳԻՐ

Էրազմուս+ ծրագրի շրջանակներում Երևանում հյուրընկալվել էին Միլանի պոլիտեխնիկական համալսարանի չորս դասախոսներ, որոնք արդեն բավականին լավ ծանոթ էին Հայաստանին և մեր երկրի ժառանգության խնդիրներին։ Ծրագրին մասնակցում էին 11 ուսանող Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանից, ինչպես նաև 5 ուսանող Գավառի պետական համալսարանից։

Ծրագրի հիմնական նպատակն էր ուսումնասիրել և վերհանել Գավառ քաղաքի պատմամշակութային ժառանգության պահպանության խնդիրները։ Գավառի դեպքում իրավիճակը յուրահատուկ է․ պետական հուշարձանների ցուցակում գրանցված չէ ոչ մի քաղաքացիական շենք։ Արձանագրված են միայն հնագիտական հուշարձաններ՝ հնագույն շրջանից, և հոգևոր կառույցներ՝ եկեղեցիներ։ Միևնույն ժամանակ Գավառը հարուստ է նաև քաղաքացիական ճարտարապետական ժառանգությամբ։ Քաղաքի պատմությունը սկսվում է 19-րդ դարի առաջին քառորդից՝ Նոր Բայազետի հիմնադրումից հետո, երբ ռուս-թուրքական պատերազմից հետո Բայազետից տեղափոխվածները հիմնում են նոր բնակավայր։ Այդ շրջանից պահպանված են արժեքավոր կառույցներ, որոնք իրենց պատմական ու ճարտարապետական նշանակությամբ արժանի են հավուր պատշաճի գնահատման, պահպանության և կայուն զարգացման։

Գավառի համայնքապետարանը մեծ ոգևորությամբ միացավ նախաձեռնությանը՝ աջակցելով միջոցառումներին։ Համայնքապետարանում կազմակերպվեց ընդունելություն, և տեղական հեռուստաընկերությունը պատրաստեց տեսանյութ։

Ծրագրի շրջանակներում անցկացվեցին դասախոսություններ՝ նվիրված ժառանգության պահպանության արդիական խնդիրներին։ Հաջորդ օրերին ուսանողները բաժանվեցին չորս խմբի․ առաջին խումբը փորձեց սահմանազատել և ուրվագծել պատմական կենտրոնի սահմանները, երկրորդ խումբը մշակեց պատմական կենտրոնում հասանելիության և կապերի բարելավման առաջարկներ, երրորդ խումբը ներկայացրեց գաղափարներ լքված կառույցների ապագա օգտագործման վերաբերյալ, չորրորդ խումբը մշակեց ծրագրեր, թե ինչպես կարելի է վերականգնել արժեքավոր բնակելի տները՝ պահպանելով դրանց պատմական արժեքը և միաժամանակ հարմարեցնելով արդի պահանջներին, որպեսզի բնակիչները շարունակեն ապրել իրենց տներում։

Ուսանողները իրենց առաջարկները ներկայացրին նախագծերի ձևով։ Հատուկ կարևորություն ուներ համայնքի՝ Գավառի համալսարանի ուսանողների, համայնքապետարանի, ինչպես նաև տեղական ճարտարապետի ակտիվ ներգրավվածությունը, քանի որ ժառանգության իրական պահպանողը համայնքն է, հատկապես՝ երիտասարդությունը։

Ծրագրի ավարտին բոլոր մասնակիցները ստացան վկայականներ։

Այս նախաձեռնությունը ևս մեկ անգամ ընդգծեց միջազգային համագործակցության կարևորությունը․ նման ծրագրերը ոչ միայն նպաստում են երիտասարդների մասնագիտական զարգացմանը, այլև խթանում են Հայաստանի մշակութային ժառանգության ճանաչմանը և պահպանությանը՝ միավորելով միջազգային փորձը և տեղական կարողությունները։

08.10.25