(010) 303-300

ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ

Երեկ ՄԱԿի նիստերի դահլիճում կայացել է Քաղաքաշինության կոմիտեի և ՄԱԶԾ-ի համատեղ կազմակերպած աշխատաժողովքննարկումը: Նպատակը՝ բազմաբնակարան և հասարակական շենքերի անձնագրերի օրինակելի ձևերի նախագծերի, ինչպես նաև բազմաբնակարան շենքերի պահպանման և շահագործման կանոնների նախագծերի մշակման աշխատանքների արդյունքները քննարկելն ու հստակեցնելն էր:

Աշխատաժողովին ներկա էին նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը, Ֆինանսատնտեսական և տեղեկատվական աշխատանքների գծով պրոռեկտոր Մարինա Ղազարյանը և Շինարարության ֆակուլտետի դեկան Դավիթ Գրիգորյանը:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանը՝ներկայացնելով հասարակական և բազմաբնակարան շենքերի պահպանման, արդիականացման, ինչպես նաև բազմաբնակարան շենքերի հուսալիության բարելավմանն առնչվող հարցերը, նշել է, որ երկար տարիներ շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի և խոցելիության համակարգված հետազննություններ չեն իրականացվել և գործընթացը կրել է իրավիճակային բնույթ:

Քաղաքաշինության կոմիտեն դեռևս 2018 թ-ի փետրվարին դիմել էր ՄԱԿի Զարգացման ծրագրին՝ որոշ աշխատանքների իրականացմանն աջակցելու հնարավորության հարցը քննարկելու խնդրանքով: Արդյունքում՝ ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակը պատրաստակամություն էր հայտնել «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԶԾԿանաչ Կլիմայի Հիմնադրամի ծրագրի շրջանակներում առաջնահերթ փուլով անդրադառնալ հասարակական և բազմաբնակարան շենքերի անձնագրերի օրինակելի ձևերի մշակման և շենքերի տեղեկատվական համակարգի ներդրման համակարգչային ծրագրի տեխնիկական առաջադրանք կազմելուն:

2018 թ-ի նոյեմբերից ՄԱԶԳի կողմից մրցութային կարգով ներգրավված կապալառուներն իրականացրել են այդ աշխատանքները: Անձնագրերի օրինակելի ձևերի նախագծերը մշակվել են «Ուրբան» հիմնադրամի և «Հայնախագիծ» բաց բաժնետիրական ընկերության կոնսորցիումի, իսկ կանոնների նախագիծը՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի կողմից:

13.03.19