«Քոչար. փարիզյան էպիզոդներ» . այս խորագիրը կրող միջոցառումը ֆրանկոֆոնիայի երկամսյակի յուրատեսակ ամփոփումն էր:
Երվանդ Քոչարի թանգարանի տնօրինությունը՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հետ համատեղ, մայիսի 3-ին նախաձեռնել էր հայ մեծանուն նկարիչ, քանդակագործ Երվանդ Քոչարի տաղանդին, գործունեությանը և կյանքի՝ փարիզյան դրվագներին նվիրված ցերեկույթ: Միջոցառման հյուրերի շարքում էին այս օրերին աշխատանքային այցով մեր համալսարանում գտնվող Կլերմոն Ֆերանի ազգային բարձրագույն ճարտարապետական դպրոցի, Ռեգենսբուրգի կիրառական գիտությունների համալսարանի ու Կորունիայի համալսարանի դասախոսները և ուսանողները:
Ցերեկույթի մեկնարկը տվեց թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը, ով, շնորհակալություն հայտնելով Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանին աջակցության համար, նշեց, որ միջոցառումը ևս մեկ առիթ է ծանոթանալու Քոչարի արվեստին ու, նաև, ծանոթացնելու այն օտարազգի արվեստասերներին: Ներկաներին իր ողջույնի խոսքը հղեց նաև ՃՇՀԱՀ միջազգային գծով պրոռեկտոր Վարդգես Եդոյանը, որին հաջորդեց Մանուկ Աբեղյանի անվան ավագ դպրոցի աշակերտների մատուցմամբ ֆրանսալեզու փոքրիկ բեմադրությունը:
1923թ-ին Քոչարը Փարիզում է։ Ֆրանսիայում նա առաջինը ստեղծեց պլաստիկ-նկարչական նոր արտահայտչաձև՝ «Տարածական նկարչությունը», որը ներառում է ժամանակը՝ որպես լրացուցիչ չորրորդ չափ… Աշակերտները հյուրերին, մասնավորապես օտարազգի ուսանողներին, պատմեցին Քոչար մարդու, արվեստագետի և համաշխարհային նկարչության մեջ ունեցած բացառիկ ներդրման մասին:
Բազմալեզու, բայց բոլորին հասանելի արվեստի լեզվով ընթացող ցերեկույթն ամփոփվեց Քոչարին նվիրված ֆիլմի ցուցադրությամբ: