Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Հոբելյանական տարին՝ ամփոփ

Համալսարանական տարվա ամփոփումը պարտադիր ավանդույթ է, որը թույլ է տալիս հետադարձ հայացք գցել անցնող տարվա դեպքերին ու իրադարձություններին, դրանք խնամքով դասավորել գրադարակներում՝ հաջորդ տարիներին դրանցով առաջնորդվելու և բացթողումները լրացնելու համար:

Այս տարվա ամփոփումը կսկսենք հետ հաշվարկի սկզբունքով, քանզի տարվա երկրորդ կեսին՝ հոկտեմբերին, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանն ապրեց իր ամենաբուռն, նշանակալի իրադարձություներով հագեցած ժամանակահատվածը: Մեր համալսարանը նշեց իր ծննդյան 95 ամյակը: Հոբելյանական միջոցառումները բազմաբովանդակ էին՝ գիտաժողով, ցուցահանդես, մեդալներ, պարգևներ ու կոչումներ, բազմալեզու շնորհավորանքներ, հանդիպումներ և պայմանագրեր:

Հոբելյանական միջոցառումների մեկնարկը տրվեց հոկտեմբերի 26-ին՝ Երևանի քաղաքապետարանում: Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով պարգևատրվեցին ՃՇՀԱՀ-ի Միջազգային կապերի գծով պրոռեկտորը, «Քաղաքային տնտեսություն և էկոլոգիա» ֆակուլտետի դեկանը, «Ավտոմոբիլային ճանապարհներ» ամբիոնի վարիչը, Ուսանողական խորհրդի նախագահը: Հենց քաղաքապետարանում էլ հանդիսավոր կերպով բացվեցին համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի աշխատանքների ցուցահանդեսը և «Ճարտարապետություն և շինարարություն-արդի հիմնախնդիրներ» խորագրով միջազգային 8-րդ գիտաժողովը, որին մասնակցում էին մեր,

95 ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շարքում աչքի ընկավ, հատկապես, նոր լաբորատորիաների և արվեստանոցների բացումը:  Արտասահմանցի մասնագետների, համալսարանի պրոֆեսորադասխոսական կազմի և համալսարանի գործընկեր, աջակից կազմակերպությունների ներկայությամբ՝ հանդիսավոր կերպով բացվեցին Հիդրավլիկայի, Շինկոնստրուկցիաների, Շինարարական նյութերի և պատրաստվածքների ուսումնագիտահետազոտական, Գրունտների մեխանիկայի ուսումնագիտական,  Հովացման և ջեռուցման ֆրեոնային կենտրոնացված մուլտիզոնային համակարգերի լաբորատորիաները, ինչպես նաև Ճարտարապետական արվեստանոցը, Ճարտարապետական նախագծման արվեստանոցն ու Նիստերի դահլիճը: Հենց այս օրերին համալսարանի «Պատվավոր դոկտոր»-ի կոչումների արժանացան Յուրգեն Ռեշենդորֆերը, Վահան Թանալը, Դավիթ Միքայելյանը, Աշոտ Թամրազյանը, Մարլենա Ռայչիկը, Ռոնալդ Ալթունը:

Գիտաժողովի շրջանակներում համագործակցության պայմանագրեր կնքվեցին  Պեկինի շինարարության և ճարտարապետության ու Լեհաստանի Չեստոհովայի տեխնոլոգիական համալսարանների հետ և փոխըմբռնման հուշագիր՝ Մահաբ Ղոդս Ինժեներական խորհրդատվական կազմակերպության հետ: Եղան շնորհավորանքներ աշխարհի տարբեր անկյուններից՝ տարբեր համալսարանների ռեկտորների, ոլորտի առաջատար մասնագետների, պաշտոնատար անձանց կողմից:

Տարվա պարգևատրումների շարքում հատկանշական և համալսարանի համար պատվաբեր էր ՃՇՀԱՀ-ի ֆինանսական գծով պրոռեկտոր Մարինա Ղազարյանին՝  Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում «Սբ. Ներսես Շնորհալի» շքանշանով պարգևատրելու փաստը:

Ոչ հայաստանյան երկնքի տակ, բայց Հայաստանի համար կարևորագույն   իրադարձությամբ աչքի ընկավ տարին: Հայաստանն առաջին անգամ մասնակցեց Լիոնում կայացած Հողաշեն կառույցներին նվիրված միջազգային կոնգրեսին: Հեղինակավոր գիտաժողովին մեր երկիրը ներկայացնում էր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը: Լիոնի քաղաքապետարանի կողմից ուղարկված հրավերով Լիոն էին մեկնել ՃՇՀԱՀ ռեկտոր Գագիկ Գալստյանը, ֆինանսական և տեղեկատվական աշխատանքների գծով պրոռեկտոր Մարինե Ղազարյանը, ճարտարապետության տեսության, պատմաճարտարապետական ժառանգության վերականգնման և վերակառուցման, գեղեցիկ արվեստի ու պատմության ամբիոնի վարիչի ժ.պ. Էմմա  Հարությունյանը և ճարտարապետության թեկնածու, պրոֆեսոր Լյուբա Կիրակոսյանը:

Տարին հագեցած էր նաև արտասահմանցի գործընկերներին հյուրընկալելու, նոր պայմանավորվածություններ ձեռք բերելու և հեռանկարային համագործակցությունների տեսանկյունից: Հայ-իտալական մշակութային համա­գործակցության շրջա­նակում Հայաստան ժամանեց Իտալիայի ԱԳ նախարարության համագործակցութան զարգացման գոր­ծակալության փորձագետ, ճարտարապետ Ռիտա Գոնելլիի գլխավորած պատ­վիրա­կությունը: Այցի նպատակը «Հուշարձանների վերականգնման տարա­ծա­շր­ջանային կեն­տրոնի» ստեղծ­ումն էր, իսկ մեր համալսարանը, ըստ նրանց՝ լավագույն կրթօջախը, որտեղ գործող հուշարձանների պահպանման, վերականգնման լաբորատորիայի, համապատասխան մասնագետների շնորհիվ համագործակցությունը կարող էր խիստ արդյունավետ լինել:

Արևային էներգիային նվիրված դասախոսությամբ մեր համալսարանում հանդես եկավ Հայաստանի ամերիկյան համալսարանի դոկտոր Փիթեր Գևորգյանը: Հայ-գերմանական կապերն առավել ամրապնդելու համար մեզ հյուրընկալվեց նաև ԳԴՀ Բունդեսթագի պատգամավոր, Գերմանահայկական ֆորումի նախագահ և Միլդա քաղաքի քաղաքապետ Ալբերտ Վայլերը, ով, արժանացավ ՃՇՀԱՀ-ի «Պատվավոր դոկտոր»-ի կոչմանը:

Երկարամյա բարեկամությունն ու համագործակցությունը շարունակվելու սովորություն ունի: Այսպես, մեր համալսարան այցի եկավ Ֆրանսիայի Սենտ Էտիենի ազգային բարձրագույն ճարտարապետական դպրոցի տնօրեն Ժակ Պորտը՝ տիկնոջ հետ: Երկու կողմերը ստորագրեցին պայմանագիր, որով ամրապնդվեց համագործակցությունը՝ ճարտարապետության, քաղաքաշինության, դիզայնի, ինտերիերի ու ճարտարապետության ժառանգության, դասախոսների և ուսանողների փոխանակման բնագավառներում:

Տարվա ընթացքում մեր համալսարանն ընդունեց նաև աշխատանքային, բայց արդեն բարեկամական ու ճանաչողական այցով ժամանած Մոկվայի ճարտարապետական դպրոցի /МАРШ/ պատվիրակությանը, որի կազմում էին դպրոցի տնօրեն Նիկիտա Տոկարևը, գեղարվեստական ղեկավար Եվգենի Ասսը, ճարտարապետներ Նիկոլայ Մալինինը և Ալեքսանդր Բրոդսկին: Համալսարանական հանդիպումներ, էքսկուրս Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում և վարպետության դասեր՝ ուսանողների լայն զանգվածի համար: Հայ-ռուսական աշխատանքային համատեղ օրերը կայացած էին:

Դժբախտաբար, ձեռքբերումների կողքով մշտապես քայլում են նաև կորուստները: Հայ-ադրբեջանական սահմանին ապրիլին բռնկված լայնածավալ բախումները հուժկու և անդառնալի հարված էին բոլորի համար: Քաջաբար ընկած հայորդիների առաջ խոնարհումը, հարգանքի ու հիշատակի միջոցառումները չմեղմեցին ցավը, սակայն, ևս մեկ անգամ հիշեցրին, որ հայի ոգին անպարտելի է: Այդ հերոս զինվորների շարքերում էր նաև մեր համալսարանի ուսանող 20-ամյա Ադամ Սահակյանը: Նրանից հետո՝ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի կողմից հետմահու տրված ՙԱրիության՚ ու ՙՄարտական ծառայություն՚ մեդալներ, ընկերների, ծանոթ-անծանոթների ցավակցական նամակներ, անջնջելի հիշողություններ, իսկ ամիսներ անց՝ ցուցահանդես: ՀՀ Կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի «Թամանյան» սրահում, անձամբ կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանի հովանու ներքո, բացվեց Ադամի գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը, երախտիքի ու ոգեկոչման միջոցառում, որը մեկ հարկի տակ էր համախմբել Ադամի հարազատներին, ընկերներին ու, պարզապես, նրանով հպարտացող մարդկանց:

Իսկ ընդամենն օրեր առաջ, համալսարանում որոշում կայացվեց սահմանել կրթաթոշակ՝ Ադամ Սահակյանի անունով: Արդեն հունվար ամսից, «Թերմոռոս-Ար» ընկերությունն «Արարատբանկ»-ի հետ համատեղ, համալսարանի ճարտարապետության, շինարարության և դիզայնի ֆակուլտետներից 3 ուսանողի, ովքեր ծառայել են Հայոց բանակում կամ մասնակցել քառօրյա պատերազմին,  կտրամադրի 110000 դրամ:

Հենց այս ցավագին դեպքերն էլ առիթ հանդիսացան, որ Արցախի իշխանությունները՝ որպես «դեսպան», մեր համալսարան գործուղեն Արցախի հերոս, ԼՂՀ ԱԺ պատգամավոր, ԼՂՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին: Այցի կարևորությունն անչափելի էր՝ կենաց և մահու սահմանագծին: Սահմանամերձ բնակավայրերը պետք է վերականգնվեն, ունենան ռմբակոծություններից պաշտպանվելու անձեռնմխելի ապաստարաններ, բարեկարգ տներ ու դպրոցներ: Համագործակցության առաջարկն էլ հենց մեր համալսարանին պատահական չէր: Մեր մասնագետներն ու ժամանակակից սարքավորումները թույլ կտան վերաստեղծել առավել պատսպարված, անվտանգ, վերականգնված ու բարեկարգ Արցախ:

Տարին վերջինն էր նաև ՃՇՀԱՀ-ի ճարտարապետական նախագծման և ճարտարապետական միջավայրի դիզայնի ամբիոնի վարիչ, դոկտոր, պրոֆեսոր Գարրի Ռաշիդյանի համար և հոբելյանական՝ հայ ականավոր ճարտարապետ, ակադեմիկոս Ջիմ Թորոսյանի համար: Նա այս տարի կդառար 90 տարեկան:

Անցնող տարվա ամփոփումը պարզապես հաշվետվություն է արված և չարված գործերի: Իրական ամփոփումն արդյունքն է, արդյունքը՝ համագործակցության, պայմանավորվածության, կրթության գինն իմացող ուսանողի թանաքոտ ձեռքերի, բարեխիղճ աշխատողի անխոնջ ու նվիրված աշխատանքի, կոլեկտիվում՝ փոխադարձ հարգանքի ու փոխըմբռնման: Ասվածը, գուցե, պարզապես ամանորյա մաղթանք է, բայց բառերը գերբնական զորություն ունեն, հետևապես, կարող ենք հուսալ, որ մի օր դրանք իրողություն կդառնան:

Հավատով, որ 2017թ-ը կլինի խաղաղ, առողջ, անվրդով ու երջանիկ տարի, շնորհավոր Նոր տարի և Սուրբ ծնունդ:

962  Ընդամենը Դիտված, 2 Դիտվել է այսօր

25.12.16

963  Ընդամենը Դիտված, 3 Դիտվել է այսօր