Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում ամփոփվեց երեկ մեկնարկած «Ճարտարապետություն և շինարարություն – արդի հիմնախնդիրներ» խորագրով միջազգային 11-րդ գիտաժողովը, որի նպատակը գիտական հետազոտությունների արդյունքները, ճարտարապետության և շինարարության ոլորտներում դրանց գործնական լուծումները ներկայացնելն ու միջազգային գիտական համագործակցություն հաստատելն է Չինաստանի, Լեհաստանի, Ռուսաստանի, Իտալիայի, Միացյալ Նահանգների, Իրանի և Վրաստանի ճարտարապետաշինարարական համալսարանների հետ:
Փակման արարողությանը ռեկտոր Գագիկ Գալստյանը գիտաժողովի աշխատանքներն արդյունավետ համարելով նշեց, որ կցանկանա մյուս գիտաժողովների ընթացքում արծարծվի նաև ճարտարապետության և շինարարության ոլորտներում BIM համակարգի ներդրման և սեյսմակայունությանը վերաբերող թեմաներ:
Իրենց տպավորություններով կիսվեցին նաև Պեկինի Շինարարության և ճարտարապետության համալսարանի մագիստրոսական դպրոցի ղեկավար Ցի Ժենգշին, Վրաստանի և Ռուսաստանի համալսարանների նեկայացուցիչները, ովքեր շնորհակալություն հայտնեցին ջերմ հյուրընկալության և գիտաժողովի՝ բարձր մակարդակով կազմակերպման համար: Ավելին՝ գիտաժողովի ընթացքից և արդյունքից տպավորված՝ Լեհաստանի Ժեշուվի տեխնոլոգիական համալսարանի ներկայացուցիչը ցանկություն հայտնեց, որպեսզի իրենց համալսարանը նույնպես դառնա գիտաժողովի համակազմակերպիչ:
Գիտաժողովի փակման օրակարգային հարցերից էր հաջորդ տարի դրա անցկացման վայրը որոշելը: Դրոշի հանձնման հանդիսավոր արարողության ժամանակն էր: Որոշվեց, որ 2020թ-ին «Ճարտարապետություն և շինարարություն – արդի հիմնախնդիրներ» խորագրով միջազգային 12-րդ գիտաժողովը կանցկացվի Սանկտ-Պետերբուրգի Ճարտարապետության և շինարարության համալսարանում, որի Գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Իրինա Դրոզդովան նշեց, որ մեծ պատիվ է այսչափ կարևոր գիտաժողովն անցկացնել իրենց երկրում: Ի դեպ, գիտաժողովը Սանկտ-Պետերբուրգի Ճարտարապետության և շինարարության համալսարանում է անցկացվել նաև 2013թ-ին: