(010) 303-300

Քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետ

Քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի կազմում հիմնադրվել է 2014 թվականից՝ ներառելով  հետևյալ մասնագիտությունները՝

  • Քաղաքային տնտեսություն և ջերմագազամատակարարում,
  • Փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառավարում,
  • Անշարժ գույքի փորձաքննություն և կառավարում,
  • Անվտանգությունն արտակարգ իրավիճակներում,
  • Շրջակա միջավայրի պահպանություն և բնական պաշարների արդյունավետ օգտագործում (ըստ ճյուղերի),
  • Բնապահպանական փորձաքննություն,
  • Թարգմանչական գործ (տեխնիկական թարգմանություն)՝ անգլերեն և հայերեն,
  • Թարգմանչական գործ (տեխնիկական թարգմանություն)՝ ռուսերեն և հայերեն:

Ներկայումս ֆակուլտետն իրականացնում է բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճաններով առկա և հեռակա ուսուցում՝ հետևյալ մասնագիտություններով ու կրթական ծրագրերով՝

  • Գեոմատիկա,
  • Ջերմագազամատակարարում և օդափոխություն,
  • Տրանսպորտային համակարգեր,
  • Զբոսաշրջություն,
  • Սերվիս:

Քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետի հինգ մասնագիտությամբ սովորում է շուրջ 350 ուսանող, որոնցից 310-ը՝ բակալավրիատում, իսկ 40-ը՝ մագիստրատուրայում: Ասպիրանտուրայում սովորում է 4 ասպիրանտ, որոնցից 1-ը՝ հայցորդ, 2-ը՝ դոկտորանտ:

Քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետն ունի 3 ամբիոն՝

Ֆակուլտետի մասնագիտական ամբիոններում դասավանդում է 120 դասախոս, այդ թվում՝ գիտության 17 դոկտոր և 47 թեկնածու:

Ֆակուլտետն իր գործունեության ընթացքում արտերկրի բուհերի հետ համալսարանի կնքած պայմանագրերի և համաձայնագրերի շրջանակում սերտ կապեր է հաստատել Ռոստովի պետական շինարարական և Հարավային դաշնային համալսարանների, Չեխիայի Հանրապետության Օստրավայի տեխնիկական համալսարանի, Վրաստանի տեխնիկական համալսարանի, Մոսկվայի պետական շինարարական համալսարանի, Ի. Մ. Գուբկինի անվան նավթի և գազի ՌԴ պետական համալսարանի, Գեոթինգենի Գեորգ Ավգուստ համալսարանի (Georg-August-University Göttingen)   հետ, ինչի մասին փաստում են դասախոսների, ուսանողների և վարչական աշխատակազմի փոխայցելությունները, ուսանողների ու դասախոսների փոխանակման ծրագրերը և աշխատանքային հանդիպումները:

ԱՊՀ երկրների համագործակցության շրջանակներում ֆակուլտետն ակտիվորեն մասնակցում է ԱՊՀ երկրների տրանսպորտային կոորդինացման խորհրդակցությանն առընթեր գիտության և կրթության խորհրդի միջճյուղային աշխատանքներին, որոնց նպատակն է ԱՊՀ երկրների միասնական տրանսպորտային համակարգի ինտեգրացումը:

Ֆակուլտետում ամբիոնների կողմից պարբերաբար հրատարակվում են  ուսումնամեթոդական ձեռնարկներ, դասագրքեր, գիտական հոդվածներ, պաշտպանվում են թեկնածուական ու դոկտորական ատենախոսություններ:

Ֆակուլտետի առաջնային խնդիրներն են՝ ամրապնդել ուսանողի կապը համալսարանի հետ, աջակցել լավագույն առաջադիմությամբ ուսանողներին աշխատանքի ապահովման հարցում, ինչն էլ փաստում է ֆակուլտետի ու գործատուի միջև առկա կապը: Համալսարանի կողմից պայմանագրեր են կնքվել տարբեր հիմնարկ-ձեռնարկությունների, պետական կառույցների, նախագծային և շինարարական ՍՊԸ-ների հետ, որտեղ ֆակուլտետի ուսանողներն անցկացնում են իրենց ուսումնական ու արտադրական պրակտիկաները:

Ֆակուլտետի կազմավորման օրվանից (2014 թ.) այն ղեկավարել է Վալերիկ Մամիկոնի Հարությունյանը (տ.գ.թ., դոցենտ) և 5 տարի ժամկետով վերընտրվել է դեկան 2019 թ.:

Կարևորելով իր պատասխանատու դերը սովորողների ուսումնառության կազմակերպման գործընթացում և շարունակաբար բարելավելով ամբիոնների կրթական ծառայությունները՝ ֆակուլտետն ապահովում է ժամանակակից աշխատաշուկայի պահանջներին բավարարող կրթության որակ:

Ֆակուլտետի մտավոր հզորությունը պահպանելու նպատակով ընթանում է ամբիոնների դասախոսական կազմերի թարմացում, ներգրավվում են երիտասարդ մասնագետներ, որոնց հետ իրականացվում են գիտական նոր ծավալի գործունեություն և մասնակցություն միջազգային գիտաժողովներին, խորհրդաժողովներին:

Ֆակուլտետի ամբիոնների կողմից կազմակերպվում են տարբեր խորհրդակցություններ, սեմինարներ, որոնց իրենց ակտիվ մասնակցությունն են ցուցաբերում ուսանողները:

Ֆակուլտետի ամբիոնների գիտական գործունեությունը հիմնված է տարբեր ընկերությունների, կազմակերպությունների հետ ընդլայնված գործընկերային հարաբերությունների և համագործակցության սկզբունքների վրա, ինչը նպաստում է մարդկանց հետագա բարենպաստ կյանքին, մեծ նշանակություն ունեցող խնդիրների լուծմանը: Այդ առումով ֆակուլտետի ամբիոններում հետազոտական աշխատանքները ուսանողների ներգրավվածությամբ նպաստում են գիտելիքների, նորարարության և ստեղծագործության զարգացմանը, օրինակ՝ Ջերմագազամատակարարման և օդափոխության ամբիոնը մասնակցել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի կողմից հայտարարված գիտահետազոտական աշխատանքների խրախուսման, ինչպես նաև դրանց իրականացմանը ուսանողների մասնակցությունն ապահովելու նպատակով հայտարարված դրամաշնորհների տրամադրման մրցույթին և դարձել հաղթողներից մեկը:

Ուսանողների կրթական մակարդակի, նոր որակի, արտադրական և փորձագիտական հմտությունների կատարելագործման նպատակով ֆակուլտետի ենթակայության տակ գտնվող ամբիոններում պարբերաբար բացվում են նոր լաբորատորիաներ, որոնք հագեցած են ժամանակակից սարքավորումներով ու տեխնոլոգիաներով, որոնց շնորհիվ ուսանողն իր տեսական գիտելիքները գործնականում կիրառելու հնարավորություն է ստանում:  Այդ է վկայում այն փաստը, որ ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման մրցույթում ճարտարագիտության ոլորտում հաղթող է ճանաչվել մեր ֆակուլտետի ուսանողը:

 

 

 

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

0009, ՀՀ, ք. Երևան, Տերյան 105

Հեռ.՝ +374 10 303 300, ներքին համար 972