(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՃՇՀԱՀ-Ը ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ

2024-2025 ուստարվանից Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը մեկնարկում է «Բնապահպանություն և բնօգտագործում» մագիստրոսական կրթական ծրագիր, որի ներդրման անհրաժեշտությունը բխում է ժամանակակից կրթական պահանջներից, ոլորտում Հայաստանի Հանրապետության որդեգրած քաղաքականությունից, շրջակա միջավայրի պահպանության ու կառավարման ոլորտում առկա կարիքներից ու առաջնահերթություններից:

Ներկայիս տնտեսական զարգացումները, քաղաքաշինական և բնապահպանական նոր մարտահրավերները, որոնցից անմասն չէ նաև Հայաստանը, շրջակա միջավայրի կայուն կառավարան հարցերը դարձնում են օրակարգային: Հաշվի առնելով, որ մասնագիտությունը կարող է սպասարկել բնապահպանական տարբեր հարցերի հետ առնչություն ունեցող մասնագիտական լայն լսարանի, ուսուցումը նախատեսվում է կազմակերպել հեռակա ուսուցման համակարգով, ինչը նման մագիստրոսական կրթությունից օգտվելու հնարավորություն է բացում նաև աշխատող մասնագետների համար:

Կրթական ծրագիրը կազմված է շուրջ 14 մասնագիտական առարկաներից, որոնց մի մասը Հայաստանում դասավանդվելու է առաջին անգամ: Ծրագիրը մշակված է միջազգային կրթական լավագույն փորձի հիման վրա՝ համահունչ լինելով ազգային, ինչպես նաև ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների հետ:

Ուսման տևողությունը 1.5 տարի է, յուրաքանչյուր տարվա համար վարձավճարը կազմում է 480 000 ՀՀ դրամ (1.5 տարվա համար՝ 720 000 ՀՀ դրամ):

Այս կրթական ծրագրով սովորող մագիստրոսները հնարավորություն կունենան.

  • ստանալու որակյալ կրթություն՝ օգտվելով նաև ՃՇՀԱՀ նորագույն սարքավորումներով հագեցած լաբորատորիաներից ու ժամանակակից լսարաններից,
  • մասնակցել միջազգային առաջատար բուհերի փոխանակման ծրագրերին, գիտաժողովներին և վերապատրաստման դասընթացներին,
  • կատարելագործել ստացած գիտելիքները բնապահպանական, քաղաքաշինական և ոլորտին առնչվող գործընկեր մի շարք կազմակերպություններում,
  • իրենց ներդրումն ունենալ քաղաքաշինական փասատթղթերի բնապահպանական բադադրիչի գնահատման, ինչպես նաև տարբեր ենթակառուցվածքների զարգացման, բարելավման, արդիականացման աշխատանքներում:

Դիմումներն ընդունվում են սեպտեմբերի 9-ից մինչև հոկտեմբերի 11-ը ներառյալ դիմորդների ընդունելության բաժնում (2125 աշխատասենյակ, հեռ. (010) 303 300, ներքին համար 9-33):

Կրթական ծրագրի մանրամասների և լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՃՇՀԱՀ Քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետ. հեռ.՝ (010) 303 300 (ներքին՝ 275), (095) 354 854 (բջջային), էլ. փոստ՝ qsahakyan@nuaca.am:

12.09.24