Մայիսի 19-ին, Թանգարանների միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում, Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի համագործակցությամբ համալսարանում կբացվի ցուցադրություն՝ նվիրված հայ ճարտարապետության մեծ նվիրյալ, ոլորտի գիտական պատմության հիմնադիր Թորոս Թորամանյանին։
Ցուցադրության ընթացքում կներկայացվեն Թորամանյանի՝ Անիում և Հայաստանի տարբեր շրջաններում իրականացրած չափագրությունները, հուշարձանների լուսանկարները, ինչպես նաև նրա արժեքավոր գիտական ուսումնասիրությունները, որոնք հիմք են ծառայել հայ պատմաճարտարապետական մտքի ձևավորման համար։
Միջոցառման նպատակը Թորոս Թորամանյանի գիտական ու մշակութային ժառանգության արժևորումն է՝ հատկապես երիտասարդ սերնդին նրա գործունեության ու թողած ժառանգության ներկայացման միջոցով։ Նրա տեսական և գործնական աշխատանքը հայ ճարտարապետության ուսումնասիրության անկյունաքարերից է։
Ցուցադրությունում ներկայացված են բացառիկ նյութեր՝ ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ֊ի Թորամանյանի անձնական Ֆոնդից, որոնք հասնում են շուրջ 4000 միավորի՝ ներառյալ չափագրություններ, գեղարվեստական ու փաստագրական նկարագրություններ, ինչպես նաև լուսանկարներ՝ Արևելյան և Արևմտյան Հայաստանի ճարտարապետական ժառանգության վերաբերյալ։
Ներկայացվող նմուշները ֆոնդի միայն մի մասն են, սակայն խոր պատկերացում են տալիս նրա աշխատասիրության ու գիտական ժառանգության ծավալի մասին։
Ցուցադրության բացման արարողությունը տեղի կունենա մայիսի 19-ին ժամը 12:00-ին ՃՇՀԱՀ 2-րդ հարկում բաց կլինի մինչև հունիսի 6-ը։