ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի նորարարության և ձեռներեցության աջակցման կենտրոնը (InnESC կենտրոն) իրականացնում է «Նախագծի կառավարման հիմունքներ» մասնագիտական խորացված դասընթաց բոլոր ցանկացողների համար։ Դասընթացն իրականացվում է համալսարանի փորձառու պրոֆեսորադասախոսական կազմի և ոլորտի առաջատար մասնագետների կողմից համալսարանի համապատասխան ամբիոնների տեխնիկապես հագեցած լաբորատորիաներում և լսարաններում:
Նշված դասընթացը մշակվել է Նյու Ջերսիի Ռատգերսի համալսարանի առաջատար ենթակառուցվածքների և փոխադրումների կենտրոնի հավաստագրված դասախոսների կողմից։ Դասավանդումը կառուցված է ըստ նախագծերի գիտելիքների ոլորտների փուլերի և իրականացվելու է միջառարկայական մոտեցմամբ։ Ներկայացվելու են նախագծերի լայն շրջանակի կառավարման հիմնական գործիքներն ու մեթոդները:
«Նախագծերի կառավարման հիմունքները» դասընթացի մասնակիցները հիմնարար գիտելիքներ կստանան նախագծերի կառավարման վարքագծային և քանակական հարցերի վերաբերյալ, կտիրապետեն նախագծերի իրագործման բոլոր փուլերում (նախաձեռնում, պլանավորում, իրականացում և փակում) կիրառվող մեթոդներին ու գործիքակազմին:
Դասընթացը նախատեսված է՝ նախագծերի կառավարիչների, նախագծերի կառավարման ոլորտում աշխատանքային հեռանկարներ փնտրողների, ուսանողների և բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ձեռք բերել նոր գիտելիքներ։
Դասընթացի մասնակիցները ձեռք կբերեն մեծ պահանջարկ վայելող ոլորտային տեխնիկական, առաջնորդման և գործարար կառավարման հմտություններ,
կկարողանան ստեղծել նախագծի պլանավորման փաստաթղթերը՝ նախաձեռնումից մինչև փակում, կտիրապետեն նախագծերի կառավարման ողջ գործիքակազմին և կկարողանան իրականացնել նախագծի կառավարումը։
Դասընթացը հաջողությամբ ավարտածներին կշնորհվի Նյու Ջերսիի Ռատգերսի համալսարանի առաջատար ենթակառուցվածքների և փոխադրումների կենտրոնի և ՃՇՀԱՀ համատեղ հավաստագիր։
Դասընթացը առկա ձևաչափով է, տևողությունը՝ 25 ժամ։ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողներն ու աշխատակիցները կարող են դասընթացին մասնակցել 10% զեղչով։
Գրանցվելու և մանրամասների համար անցեք հղումով: