Աշխատանքային այցով ՃՇՀԱՀ-ում էր Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Անն Լույոն մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական պարոն Գիյոմ Նարժոլեի ու կրթական և համալսարանական հարցերով կցորդ տիկին Սելին Գերենի հետ:
Հանդիպմանը ներկա էին ՃՇՀԱՀ ռեկտոր Ե․ Վարդանյանը, միջազգային կապերի գծով պրոռեկտոր Վ. Եդոյանը, կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Գ. Ստեփանյանը, աշխատակազմի ղեկավար Հ. Հովեյանը, արտասահմանցի սովորողների բաժնի ղեկավար Տ. Հակոբյանը, միջազգային կապերի և համագործակցության բաժնի ղեկավար Ա. Սամուելյանը և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության ակադեմիական նվաճումների կենտրոնի համակարգող-պատասխանատու Ն. Հովհաննիսյանը:
Հանդիպմանը քննարկվեցին միջբուհական համագործակցության ուղիները, ներկայացվեց նոր համագործակցությունների տեսլականը․ առաջարկվեց հետբուհական համալսարանական նոր համագործակցություն Փարիզի Շայոյի դպրոցի հետ, որը զբաղվում է մշակութային ժառանգության պահպանության հարցերով։ Ֆրանսիական դեսպանության աջակցությամբ Շայոյի դպրոց ամեն տարի մեկ հայ վերականգնող ճարտարապետ կգործուղվի՝ 2 տարվա կուրս դասավանդելու համար։ Հանդիպմանը կարևորվեցին նաև եվրոպական ծրագրերին մասնակցության հարցերը։
Ռեկտորն իր ողջույնի խոսքում ընդգծեց․ «Ուզում եմ նշել, որ հայ-ֆրանսիական բազմամյա համագործակցության արդյունքում համալսարանը ստացել և ստանում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության շարունակական արդյունավետ աջակցությունը, որի համար ևս մեկ անգամ խորին շնորհակալություն ենք հայտնում: Մեծապես կարևորում ենք Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության ունեցած դերն ու նշանակությունը հայաստանյան, մասնավորապես՝ կրթամշակութային համակարգում»:
Դեսպանն իր խոսքում կարևորեց համալսարանի համագործակցությունը ֆրանսիական հայտնի ճարտարապետական դպրոցների հետ։