Այսօր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան էր եկել Տոլյատիի պետական համալսարանի պատվիրակությունը՝ ռեկտոր Միխայիլ Կրիշտալի գլխավորությամբ:
Այցը ճանաչողական էր, բայց կարևորվեց համագործակցության պայմանագրի ստորագրմամբ և երկկողմ կապերի ամրապնդման մեծ հեռանկարով: Ռեկտոր Գալստյանը ողջունեց Տոլյատիի համալսարանի պատվիրակությանը, ներկայացրեց մեր համալսարանի միջազգային կապերը, գիտական և կրթական անցուդարձը, կարևորեց համատեղ ուսումնական ծրագրերի ու գիտաժողովների կազմակերպումը:
Մեր և ռուսական մի շարք համալսարանների հետ բարեկամությունն ու համագործակցությունը բազմամյա փորձ ունի: Ինչպես նշեց ռեկտոր Միխայիլ Կրիշտալը, Տոլյատիի համալսարանում մեծ թվով հայազգի ուսանողներ են սովորում, ինչը ևս հիմնավոր առիթ հանդիսացավ պայմանագրի ստորագրման համար: Ռեկտոր Կրիշտալը, ներկայացնելով իրենց համալսարանի ծավալած գործունեությունը, կարևորեց, հատկապես, կրկնակի դիպլոմ շնորհելու գաղափարը:
Այս համատեքստում՝ ռեկտոր Գալստյանը հատկանշական համարեց մեր, Հայաստանի տնտեսագիտական և Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանների միջև կնքված եռակողմ պայմանագիրը, ինչի արդյունքում ուսանողներին կրկնակի դիպլոմ է շնորհվելու:
Համագործակցության հիմնաքարը դնելով և երկկողմ հետաքրքրության հարցերը քննարկելուց հետո՝ ռուսական պատվիրակությունը շրջայց կատարեց մեր համալսարանում, ծանոթացավ լաբորատորիաներին և արվեստանոցներին: