ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Այսօր ՀՀ վաստակավոր ճարտարապետ, Հայաստանի ինժեներական ակադեմիայի իսկական անդամ, Ռուսաստանի ինժեներական ակադեմիայի արտերկրի անդամ, տեխնիկական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Կարեն Ռաշիդյանցի հոբելյանն է:
Շնորհավորում ենք պրոֆեսոր Ռաշիդյանցին տարեդարձի առթիվ՝ քաջառողջություն և երկար տարիների ստեղծագործական լի ու բեղուն կյանք մաղթելով, որ ապրի ու արարի` շենացնելով ու գեղեցկացնելով մեր երկիրը յուրօրինակ նախագծերով ու կառույցներով: Նաև շնորհակալություն ենք հայտնում պրոֆեսորին, որ կարողանում է իր ժամանակը տրամադրել ապագա ճարտարապետ-ուսանողներին՝ նպաստելով նրանց կրթությանն ու զարգացմանը:
Կարեն Ռաշիդյանցը ծնվել է 1945 թ. հունվարի 27-ին: 1963-1969 թթ. ուսանել է Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտում: Ավարտելով բուհը՝ 1969-1970 թթ. աշխատել է որպես ինստիտուտի գիտահետազոտական բաժնի գիտաշխատող: 1970-1987 թթ. եղել է ԵրՊԻ քաղաքացիական արդյունաբերական շենքերի ճարտարապետության ամբիոնի ասիստենտ, 1987-1999 թթ.՝ ԵրՊԻ (հետագայում՝ Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի) ճարտարապետության ֆակուլտետի Ճարտարապետական նախագծման և միջավայրի դիզայնի ամբիոնի դոցենտ, 1987-1993 թթ.՝ «Մոդուլ» նախագծային կորպորատիվի գլխավոր ճարտարապետ: 1990 թվականից առ այսօր ՃՇՀԱՀ ճարտարապետության և դիզայնի ֆակուլտետի խորհրդի անդամ է: 1999-2016 թթ. զբաղեցրել է ՃՆ և ՃՄԴ ամբիոնի վարիչի տեղակալի պաշտոնը: 2004 թ. ստացել է պրոֆեսորի կոչում, 2006-2014 թթ. եղել է ՃՇՀԱՀ գիտխորհրդի անդամ, կառավարման խորհրդի անդամ, 2014 թվականից՝ ՃՇՀԱՀ հոգաբարձուների խորհրդի անդամ: 2016 թվականից ՃՆ և ՃՄԴ ամբիոնի վարիչն է: 2016 թվականից Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության խորհրդի անդամ է, 030 «Ճարտարապետություն և շինարարություն» (ճարտարապետության բնագավառով) մասնագիտական խորհրդի անդամ:
50-ից ավելի գիտական հոդվածների, աշխատությունների և ուսումնամեթոդական ձեռնարկների հեղինակ է: Գիտական գործունեության շրջանակն ընդգրկում է 58 ճարտարապետական նախագիծ (որից 44-ը՝ իրականացված):
Համալսարանի 95-ամյակի առթիվ ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով։ Արժանացել է Երևանի քաղաքապետարանի և համալսարանի ոսկե մեդալների, ունի բազմաթիվ դիպլոմների (1989 թ.՝ Ճարտարապետության միության և Ճարտարապետական կոմիտեի կողմից՝ բնակելի միջավայրի հատակագծման և կառուցապատկման համար, 1995-1997 թթ.՝ Ճարտարապետական դպրոցների ասոցիացիայի կողմից՝ դիպլոմային աշխատանքների ղեկավարման համար, Հայաստանի ճարտարապետության միության կողմից՝ Ճարտարապետների օրվան նվիրված ցուցահանդեսին մասնակցելու համար, 2003 թ.՝ ՀՀ ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի կողմից՝ Ճարտարապետների միջազգային ընկերության միջազգային շրջիկ ցուցահանդեսին մասնակցելու համար, 2004 թ.՝ ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի կողմից՝ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական մշակութային առաջին փառատոնին մասնակցելու համար, 2005 և 2010 թթ.՝ Հայաստանի ճարտարապետների միության կողմից՝ ճարտարապետության զարգացման գործում ունեցած մեծ ավանդի և անբասիր գործունեության համար):