17-րդ դարում ձևավորված Կոնդ թաղամասում են գտնվում Երևանի ամենահին տները, որոնց գոյությունն այսօր սպառնալիքի տակ է անշարժ գույքի ոլորտի դերակատարների կողմից: Կարևորելով այս ժառանգության պահպանման անհրաժեշտությունը՝ Ֆրանսիայի դեսպանությունը և «Գյոթե կենտրոնը», համագործակցելով Քաղաքաշինության կոմիտեի, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, հասարակական կազմակերպությունների և մշակութային օպերատորների հետ, ԿՈՆԴենսացված (KONDense) խորագրով փառատոնի շրջանակում 2021 թվականի հուլիսի 5-11-ը ներկայացնում են մշակութային և գիտական միջոցառումների շարք:
ՃՇՀԱՀ-ն տարիներ շարունակ իրականացրել է Կոնդին առնչվող աշխատանքներ, քննարկումներ և այս տարի էլ ակտիվորեն մասնակցում է փառատոնին: Իսկ մեր բարեկամ երկրի՝ Ֆրանսիայի հետ համալսարանի համագործակցության ակունքները գալիս են դեռևս 1990-ական թվականներից: Այդ համագործակցության շրջանակում համատեղ իրականացվել են կրթական, գիտական, հետազոտական բազմաթիվ ծրագրեր, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների փոխանակումներ, վարպետության դասեր, գիտաժողովներ, սեմինարներ, ավարտական աշխատանքների պաշտպանություններ: Համատեղ իրականացված ծրագրերի ոլորտը ներառում է քաղաքաշինական ոլորտը:
«Հատվող տեսակետներ. Կոնդի նախագծեր և հեռանկարներ» համատեղ ծրագրի բացմանը ելույթով հանդես եկավ ՃՇՀԱՀ միջազգային կապերի գծով պրոռեկտոր Վ. Եդոյանը: Վերջինս, փոխանցելով ՃՇՀԱՀ ռեկտոր Ե. Վարդանյանի խոսքը, ողջունեց ներկաներին՝ կարևորելով նախաձեռնությունը: Անցկացվող միջոցառման նպատակն է ներդրում ունենալ պատմաճարտարապետական ժառանգության պահպանման ու վերականգնման գործին: ՃՇՀԱՀ ուսանողները նշված ծրագրին մասնակցում են համատեղ նախագծային աշխատանքներով, որոնք նպատակաուղղված են պատմաճարտարապետական հուշարձաններին հաղորդելու ճարտարապետական և բովանդակային նոր մոտեցումներ:
«Հատվող տեսակետներ. Կոնդի նախագծեր և հեռանկարներ» համատեղ ծրագիրն անցկացվում է երեք ուղղությամբ՝ կրթական, գիտական և հետազոտական: Այս նախաձեռնությունը հրաշալի հնարավորություն է արժևորելու մեր պատմամշակութային ժառանգությունը, մտքեր փոխանակելու Երևանի պատմական թաղամաս Կոնդի զարգացման առանձնահատկությունների վերաբերյալ, ամրագրելու համալսարանի ներուժը մայրաքաղաքի քաղաքաշինական կարևոր հանգույցների ճարտարապետական լուծումների հարցում: