Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում տեղի ունեցավ Գիտական խորհրդի՝ 2021 թ-ի անդրանիկ նիստը:
Նիստը մեկնարկեց ռեկտոր Եղիազար Վարդանյանի տարեկան հաշվետվությամբ, որում ամփոփված էին նախորդ տարվա իրականացված աշխատանքները, երկրի համար բարդ և շրջադարձային փուլում կայացված որոշումները, ստեղծված իրավիճակում համալսարանի առջև ծառացած խնդիրների լուծման ուղիները, իրականացվելիք բարեփոխումներն ու բարեգործական ծրագրերը:
2020թ-ին ուսումնական գործընթացում իրականացված բարեփոխումների շրջանակում՝ վերանայվել են ՃՇՀԱՀ-ում գործող մագիստրոսի կրթական բոլոր ծրագրերի տևողությունները, փոխվել է ուսումնական գործընթացի կազմակերպման ձևը, մշակվել են նոր ուսումնական պլաններ, որոնք ներդրվել են 2020-2021թթ. ուսումնական տարում: Ստեղծվել և շարունակաբար համալրվում ու լրամշակվում է ՃՇՀԱՀ դասավանդման, ուսումնառության նյութերի էլեկտրոնային հարթակը: Կարևորելով օտար լեզուների տիրապետման անհրաժեշտությունը՝ 2020-2021թթ. ուստարվանից ուսուցումն իրականացվում է ըստ լեզվի իմացության մակարդակների ձևավորված խմբերի, որի արդյունավետության բարձրացման նպատակով կրկնապատկվել են օտար լեզվի դասընթացների դասաժամերը համալսարանի առաջին կուրսի ուսանողների համար: Ավելացվել են մաթեմատիկայի՝ դպրոցական դասընթացից որոշակի բաժինների պարտադիր լրացուցիչ պարապմունքները՝ բուհական ծրագրի լիարժեք օժանդակելու համար:
Օրակարգի շրջանակներում՝ քննարկման կարևորագույն հարցերից էր համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի աշխատավարձի բարձրացումը: Չնայած Հայաստանի Հանրապետությունում առկա՝ պատերազմի հետևանքներով և կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սոցիալ-տնտեսական բարդ իրավիճակին՝ պարոն Վարդանյանը կարևորեց համալսարանի ռազմավարական գերակա ուղղություններից մեկը, այն է՝ պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձերի շարունակական բարձրացումը: Առաջարկն ընդունվեց և որոշման ուժ ստացավ միաձայն:
Գիտական խորհրդի օրակարգային հարցերից էին նաև գիտական կոչումների հավակնորդների որակավորման գործերի քննարկումը, վճարովի առկա համակարգում բակալավրի և մագիստրոսի ուսման վարձավճարի չափը, ատենախոսական թեմաների և գիտական ղեկավարների հաստատումը և այլ ընթացիկ հարցեր: