(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՀԱՎԵՐԺ ՄԵԶ ՀԵՏ ՈՒ ՄԵՐ ՀՈՒՇԵՐՈՒՄ. ՄԵՐՕՐՅԱ ՀԵՐՈՍ ԼՅՈՒԴՎԻԳԸ

 
Ասում են՝ մարդն ապրում է այնքան ժամանակ, որքան նրան հիշում են: Մեր համալսարանում շինարարի մասնագիտությունն ընտրած Լյուդվիգ Հարությունյանը կապրի հավերժ, կապրի ընկերների պատմություններում ու ժպիտներում, համատեղ լուսանկարներում, սիրելի մարդկանց խոսք ու զրույցներում, նրա հետ նույն ճանապարհով քայլած զինակիցների հիշողություններում:
Պատերազմի դաշտում զոհված ընկերոջ կորստի ցավը որքան էլ կեղեքող և ուժասպառ անող է, միևնույնն է, կուրսընկերները չեն կարողանում հիշել նրան առանց ժպիտի: Համոզված են, որ նրա ներկայությունը լսարանում միշտ են զգալու, նրա կատակները հիշելու, մտքում լուռ կարոտելու են և իրենք իրենց խոստանալու, որ ամենալավ ընկերոջը երբեք չեն մոռանալու: Խելացի ու բազմակողմանի զարգացած Լյուդվիգը նաև պատասխանատվության մեծ զգացում ուներ Հայրենիքի նկատմամբ: Չէր կարող անտարբեր մնալ ու թիկունքից հետևել, թե ինչպես են նեղանում հայրենի սահմանները, չէր կարող չկանգնել զինվոր ընկերոջ կողքին և հարկ եղած դեպքում՝ չզոհել սեփական կյանքը:
Այդ ահասարսուռ օրը եկավ. 22-ամյա Լյուդվիգը դարձավ հիշողություն, դարձավ այն կյանքերից մեկը, ով կյանք շնորհեց մնացյալներիս՝ ապրել շարունակելու և մեզ բաշխած կյանքի համար հավերժ շնորհակալ լինելու համար:
Հավե՜րժ փառք ու խոնարհում, մեր սիրելի Լյուդվիգ:
 
 
09.12.20