(010) 303-300

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈւՄ ԻՏԱԼԱՑԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏ ԵՎ ԴԻԶԱՅՆԵՐ ՄԱՐԿՈ ՊՈԼԵՏՏԻԻ ՀԵՏ

Օրերս Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում հյուրընկալվեց իտալացի անվանի ճարտարապետ և դիզայներ Մարկո Պոլետտին, ով Դիզայնի ֆակուլտետի ուսանողների համար հանդես եկավ մասնագիտական դասախոսությամբ։

Հանդիպումը կազմակերպվել էր Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության դեսպանության անմիջական աջակցությամբ՝ Երևանում ներկայացված «The Languages of Time in Design» հեղինակային ցուցահանդեսի շրջանակում։

Մարկո Պոլետտիին ուղեկցում էին նրա գործընկեր Գայա Ձանոտտին և ՀՀ-ում Իտալիայի դեսպանության մշակութային կցորդ Կլաուդիա Ֆորջիոնեն։

Հյուրերին ողջունեցին ՃՇՀԱՀ միջազգային համագործակցության վարչության ղեկավար Ելենա Գրիգորյանը, Ճարտարապետության ֆակուլտետի դեկան Արմեն Շատվորյանը և Դիզայնի ֆակուլտետի փոխդեկան Տաթևիկ Փայտյանը։

Ողջույնի խոսքում ընդգծվեց Համալսարանի և Իտալիայի դեսպանության միջև ձևավորված արդյունավետ համագործակցության կարևորությունը՝ մասնավորապես արժևորելով մասնագիտական նման հանդիպումների դերը փորձի փոխանակման, միջազգային կապերի ամրապնդման և նոր համագործակցային նախաձեռնությունների ձևավորման գործում։

Դասախոսության ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան ծանոթանալու Մարկո Պոլետտիի մասնագիտական գործունեությանը, ստեղծագործական սկզբունքներին և դիզայնի ոլորտում նրա ինքնատիպ մոտեցումներին, ինչպես նաև անմիջականորեն հաղորդակից դառնալու միջազգային մասնագիտական փորձին։

Նման հանդիպումները նպաստում են ուսանողների մասնագիտական գիտելիքների ու աշխարհայացքի ընդլայնմանը, ստեղծագործական մտածողության զարգացմանը և միջազգային լավագույն փորձի ուսումնասիրմանը՝ միաժամանակ նոր հնարավորություններ ստեղծելով ՃՇՀԱՀ-ի միջազգային համագործակցության ընդլայնման համար։

20.11.26