Աղվերանում մեկնարկել է «Քաղաքացիական և շրջակա միջավայրի ճարտարագիտություն» խորագրով միջազգային 2-րդ գիտաժողովը (ICCEE 2026), որը համախմբել է գիտնականների, ճարտարագետների, դասախոսների, քաղաքաշինարարների և ոլորտի մասնագետների՝ գիտական փորձի, հետազոտությունների արդյունքների և նորարարական գաղափարների փոխանակման նպատակով։
Գիտաժողովի բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես են եկել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Մանուկ Բարսեղյանը, ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը, Հայաստանի շինարարների միության նախագահ Վահան Հարությունյանը, Մոսկվայի գեոդեզիայի և քարտեզագրության պետական համալսարանի (МИИГАиК) ռեկտոր Նադեժդա Կամինինան։ Սանկտ Պետերբուրգի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի (СПбГАСУ) ռեկտոր Եվգենի Ռիբնովի և Մոսկվայի պետական շինարարական համալսարանի (МГСУ) ռեկտոր Պավել Ակիմովի ողջույնի խոսքերը ներկայացրել են համապատասխան ներկայացուցիչներ Անդրեյ Նիկուլինը և Տատյանա Մացեևիչը։
Գիտաժողովին ներկա է եղել նաև ՃՇՀԱՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, որի ողջույնի խոսքը ներկայացրել է կոմիտեի նախագահի խորհրդական Հովսեփ Հովեյանը։
ՃՇՀԱՀ ռեկտոր Մանուկ Բարսեղյանը, ողջունելով գիտաժողովի մասնակիցներին, ընդգծել է միջոցառման կարևորությունը գիտելիքի և փորձի փոխանակման, միջազգային համագործակցության ընդլայնման և ոլորտի արդիական խնդիրների լուծման գործում։ Նա անդրադարձել է գիտության զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության ռազմավարությանը՝ կարևորելով գիտական հետազոտությունների և արդյունքների ներդրումը երկրի առաջընթացում։
Գիտաժողովը շարունակվելու է մինչև նոյեմբերի 7-ը՝ նպաստելով միջազգային գիտական համագործակցության ընդլայնմանը, նոր հետազոտական նախաձեռնությունների ձևավորմանը և քաղաքացիական ու շրջակա միջավայրի ճարտարագիտության ոլորտում գիտելիքի զարգացմանը։