(010) 303-300

ՃՇՀԱՀ ՄԱՐՔԵԹԻՆԳԻ ԵՎ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԲԱԺԻՆԸ ԱՐՓԻՍՈԼԱՐ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՎԱՃԱՌՔԻ ԼԻԳԱ» ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում մեկնարկել է «Արփիսոլար» ընկերության կողմից ուսումնական հաստատությունների համար իրականացվող «Վաճառքի լիգա» ուսումնական ծրագրի բացումը։

Ուսումնական ծրագրի նպատակն է մասնակիցներին վաճառքի ոլորտում տրամադրել ոչ միայն տեսական գիտելիքներ, այլև գործնական փորձ՝ հնարավորություն ընձեռելով աշխատելու իրական հաճախորդների հետ և կիրառելու ձեռք բերած հմտությունները գործնական միջավայրում։

Ծրագրի շրջանակում յուրաքանչյուր ուսումնական հաստատությունից ձևավորվում են վաճառքի թիմեր, որոնց կցվում են մենթորներ։ Մասնակիցներն անցնում են երկօրյա նախնական ուսուցում, որից հետո ներգրավվում են վաճառքի լիգայի աշխատանքներում՝ կիրառելով վաճառքի և բանակցությունների ընթացքում ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները։

Մեկամսյա ծրագրի ընթացքում մասնակիցները հնարավորություն են ստանալու ձեռք բերել իրական աշխատանքային փորձ, զարգացնել վաճառքի, բանակցությունների, թիմային աշխատանքի և հաղորդակցության հմտությունները, ինչպես նաև CRM համակարգով աշխատելու փորձ և գիտելիքներ արևային էներգետիկայի ոլորտում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում են նաև վաճառքից բոնուսներ և մրցանակներ։

Ծրագրի ավարտին կանցկացվի մրցանակաբաշխություն, որի ընթացքում կամփոփվեն արդյունքները և կպարգևատրվեն լավագույն մասնակիցներն ու թիմերը։

Ծրագրի առանձնահատկություններից է նաև լավագույն մասնակիցների համար «Արփիսոլար»-ում և համագործակցող խոշոր ընկերություններում հետագայում աշխատանքի անցնելու հնարավորությունը։

«Վաճառքի լիգա» ուսումնական ծրագրում ներգրավված են նախաձեռնող, ակտիվ և մարդկանց հետ հաղորդակցվելու ցանկություն ունեցող մասնակիցներ, իսկ ծրագիրն իրականացվում է ճկուն՝ մասնակիցներին հարմարեցված գրաֆիկով։

 

29.09.26