(010) 303-300

ՃՇՀԱՀ-Ը ԵՎ ՇԱՅՈՅԻ ԴՊՐՈՑԸ ՎԵՐԱԿՆՔԵՑԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը հյուրընկալել էր Ֆրանսիայի Ճարտարապետության և պատմամշակութային ժառանգության Սիտե/Շայոյի դպրոցի ներկայացուցիչներին՝ Միջազգային գործունեության և կրթական ծրագրերի պատասխանատու Նատաշա Պակկերին և պրոֆեսոր Անտուան Բուրժերոլին։ Այցի շրջանակում տեղի ունեցավ երկու հաստատությունների միջև համագործակցության պայմանագրի վերակնքման պաշտոնական արարողությունը՝ վերահաստատելով երկարամյա և արդյունավետ գործընկերության շարունակականությունը։

Հանդիպմանը մասնակցում էին նաև Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության Մշակութային համագործակցության և գործունեության գծով խորհրդական Քսավիեր Ռիշարը, մշակութային ծրագրերի ղեկավար Ֆաթմա Կեբեն, ինչպես նաև «Ռե–Շկոլա» գիտակրթական կազմակերպության հիմնադիր Նատաշա Տյուչևան։

Ողջունելով հյուրերին՝ ՃՇՀԱՀ ռեկտոր Մանուկ Բարսեղյանը կարևորեց Շայոյի դպրոցի հետ ձևավորված համագործակցության նշանակությունը՝ ընդգծելով հաստատության բարձր մասնագիտական հեղինակությունն ու մշակութային ժառանգության պահպանության ոլորտում ունեցած կարևոր դերակատարությունը։ Ռեկտորը նշեց, որ համագործակցությունը տարիներ շարունակ իրականացվել է փոխադարձ վստահության և արդյունավետ աշխատանքի մթնոլորտում՝ դառնալով համալսարանի միջազգային կապերի կարևոր ուղղություններից մեկը։

Մանուկ Բարսեղյանը նաև ընդգծեց, որ ծրագրերը մշտապես գտնվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ինչպես նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության ուշադրության և աջակցության կենտրոնում, ինչը նոր հնարավորություններ է ստեղծում նախաձեռնությունների ընդլայնման և զարգացման համար։

Հատկանշական է, որ համագործակցության հիմքը դրվել է «Ռե–Շկոլայի» և Շայոյի դպրոցի հետ համատեղ իրականացվող «Մշակութային ժառանգության պահպանություն» լրացուցիչ մասնագիտական կրթական ծրագրի շրջանակում, որն այսօր արդեն ձևավորել է մասնագիտական կարևոր հարթակ ոլորտի երիտասարդ մասնագետների և հետազոտողների համար։

Ռեկտորը շնորհակալություն հայտնեց Շայոյի դպրոցի նախագահ Ժուլյեն Բարժետոնին՝ գործընկերային հարաբերությունների ամրապնդմանն ուղղված պատրաստակամության և շարունակական աջակցության համար։

Վերակնքված համաձայնագիրը նոր խթան կհանդիսանա երկու կրթական հաստատությունների միջև համագործակցության խորացման համար՝ նպաստելով համատեղ կրթական և գիտահետազոտական ծրագրերի, ակադեմիական շարժունության, մասնագիտական վերապատրաստումների, աշխատաժողովների, ամառային դպրոցների և մշակութային ժառանգության պահպանությանն ուղղված նոր նախաձեռնությունների իրականացմանը։

Իր խոսքում Քսավիեր Ռիշարը նշեց, որ ներկայումս Ֆրանսիայի տարբեր բուհերում ուսանում է ավելի քան 3000 հայ ուսանող՝ ընդգծելով, որ հայ-ֆրանսիական կրթական համագործակցության ամենակայացած և պատմական ուղղություններից մեկը հենց ճարտարապետության ոլորտն է, և որ դեռևս 1994 թվականից ՃՇՀԱՀ ճարտարապետի դիպլոմը ճանաչվում է Ֆրանսիայի կառավարության կողմից՝ որպես ֆրանսիականին համարժեք։

Ամփոփելով խոսքը՝ Քսավիեր Ռիշարը վերահաստատեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության պատրաստակամությունը՝ շարունակաբար աջակցելու պատմաճարտարապետական ժառանգության պահպանությանն ուղղված համատեղ ծրագրերին և նախաձեռնություններին։

 

20.05.26