Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում մեկնարկել է աշխատակիցների վերապատրաստման դասընթաց՝ «Արհեստական բանականության գործիքակազմի կիրառումը բարձրագույն կրթության բնագավառում» թեմայով: Ծրագիրն իրականացվում է «ռեԱրմենիա» ակադեմիայի հետ համագործակցությամբ՝ նպատակ ունենալով զինել աշխատողներին ժամանակակից տեխնոլոգիական այնպիսի հմտություններով, որոնք հնարավորություն կտան բարելավել կրթության որակն ու արդյունավետությունը:
Առաջին դասի ընթացքում «ռեԱրմենիա» ակադեմիայի կրթական ծրագրերի ղեկավար Արշակ Ուլուբաբյանը անդրադարձավ արհեստական բանականության զարգացման տեմպերի ընկալման կարևորությանը՝ նշելով, որ ԱԲ-ն զարգանում է արագ և կուտակային ազդեցությամբ՝ շարունակաբար ընդլայնելով իր հնարավորությունները, իսկ արհեստական բանականության հետ աշխատելու հաջողությունը մեծապես կախված է նորարարությունները ընդունելու և շարունակական զարգացման պատրաստակամությունից, ինչը ժամանակակից կրթական միջավայրում դառնում է առանցքային պահանջ։
Դասընթացի շրջանակում համադրվում են տեսական ներկայացումները, գործնական աշխատանքները և քննարկումները։ Արդյունքում ակնկալվում է, որ մասնակիցները կզարգացնեն իրենց մասնագիտական կարողությունները և կնպաստեն ուսումնական գործընթացների թվայնացմանը: Միաժամանակ ծրագիրը հիմք կդառնա համալսարանում ԱԲ ինտեգրման հետագա նախաձեռնությունների համար։