ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, Քաղաքաշինության կոմիտեն, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը համատեղ ՃՇՀԱՀ-ի և հայաստանյան մի քանի այլ բուհերի ուսանողների համար կազմակերպել էին ճանաչողական այց Սյունիքի մարզ՝ ծանոթանալու մարզում իրականացվող խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքին:
Ուսանողները ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, ՃՇՀԱՀ ռեկտոր Մանուկ Բարսեղյանի ուղեկցությամբ նախ այցելել են «Հյուսիս-հարավ» ծրագրի հարավային հատվածի շինհրապարակ: Եղել Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածի արդեն իսկ փորված թունելներում, դիտարկել շուրջ երկու տասնյակ կամուրջների կառուցման աշխատանքները։
Նախարարը և Կոմիտեի նախագահը ուսանողներին` ապագա շինարարներին ու ճարտարապետներին, տեղում` Հայաստանի փաստացի ամենամեծ շինհրապարակում, ցույց են տվել իրականացվող աշխատանքների մասշտաբները, պատմել կիրառվող տեխնոլոգիաների և ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված այլ ծրագրերի մասին, պատասխանել ուսանողներին հետաքրքրող մասնագիտական հարցերին։
Այցի երկրորդ օրը ուսանողները Գորիս քաղաքում մասնակցել են վարդատունկի: Գորիսում մի ամբողջ բլուր առաջիկայում պատվելու է վարդերով և կոչվելու է «Վարդերի բլուր»:
Ուսանողների հաջորդ կանգառը Հարժիս գյուղի միջնակարգ դպրոցն էր, որը կառուցվել է պետական բյուջեի միջոցներով, Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ: Դպրոցը նախատեսված է 100 երեխայի համար և ներառում է նաև նախակրթարան։ Դասասենյակներից բացի կան լաբորատոր սենյակներ, գրադարան, բուժկետ, ռազմավարության սենյակներ։ Դպրոցն ունի մարզադահլիճ, հանդիսությունների դահլիճ, ապաստարան, ֆուտբոլի բաց խաղադաշտ` արհեստական խոտածածկույթով, ջերմոց։ Ապահովված է ջեռուցման, օդափոխության համակարգերով, տեղադրված են արևային ֆոտովոլտային կայան, 400կՎա հզորությամբ առանձին ենթակայան։
Եղիազար Վարդանյանը տեղեկացրել է, որ արդեն կառուցված դպրոցների աշակերտների, ուսուցիչների կարծիքները, տեխնոլոգիական նոր հնարավորությունները հաշվի առնելով` նախագծերը կատարելագործվել են հաջորդիվ կառուցվող դպրոցներում։
Ոլորտում գործունեության որակի բարձրացմանը նպաստող քայլերից են լինելու լիցենզավորված կազմակերպությունների վարկանիշավորումը, որն իրականացվելու է հստակ չափանիշներով և ինքնաշխատ եղանակով։ Շինարարության որակը նոր մակարդակի բարձրացնելու հնարավորություն է ստեղծվելու նաև տեխնիկական հսկողության թվային հարթակի ներդրմամբ։ «Մենք հստակ քայլերով գնում ենք դեպի քաղաքաշինության ոլորտի թվայնացում։ Քաղաքաշինական ընթացակարգերի պարզեցումը, հստակեցումն ու կանոնակարգումը նույնպես առաջնահերթություն են»,-տեղեկացրել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահը։
Ե՛վ Դավիթ Խուդաթյանը, և՛ Եղիազար Վարդանյանը շեշտել են, որ քաղաքաշինության ոլորտի մասնագետներն այսօր խիստ պահանջված են։ Հաշվի առնելով այս ոլորտում Կառավարության բազմաթիվ ծրագրերը՝ այցի ավարտին մասնակից ուսանողներին ներկայացվել են ՏԿԵ նախարարությունում և կոմիտեում աշխատելու հնարավորությունները։
Նրանք նշել են, որ նախարարության և կոմիտեի դռները բաց են ուսանողների համար, և հույս են հայտնել, որ այցի ավարտից հետո կլինեն ուսանողներ, շրջանավարտներ, ովքեր ցանկություն կհայտնեն աշխատել նախարարությունում և կոմիտեում, մասը դառնալ այն բոլոր ենթակառուցվածքային ծրագրերի, որոնք իրականացվում են այսօր Հայաստանում:
ՃՇՀԱՀ ռեկտոր Մանուկ Բարսեղյանը կարևորել է ոլորտի ապագա մասնագետների համար այցի կազմակերպումը, որի միջոցով նրանք ականատես են լինում պրակտիկ շինաշխատանքներին և տեղում յուրացնում մասնագիտական գիտելիքները: