Օրերս Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում կայացավ հանդիպում «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերության ներկայացուցչի հետ, որին մասնակցում էին ինչպես համալսարանի, այնպես էլ քոլեջի ուսանողները։
Հանդիպումը վարեց Կոկա֊Կոլա ՀԲՔ Արմենիա ընկերության Հաղորդակցության մասնագետ Քնար Ծատուրյանը, որի շրջանակում անցկացվեց «Առաջնորդության դասընթաց»: Դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթացան ընկերության գործունեությանը և զարգացման ռազմավարությանը, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերին, իրականացվող նախաձեռնություններին, ինչպես նաև ընկերությունում առաջնորդության ձևերին ու հաջողված պրակտիկաներին։
Դասընթացից հետո կազմակերպվեց առցանց շրջայց «Կոկա-Կոլայի Երջանկության գործարան», որի ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան տեսնելու ըմպելիքի ստեղծման ամբողջ գործընթացը՝ սկզբից մինչև վերջ, ծանոթանալու արտադրական տեխնոլոգիաներին և բարձրակարգ հիգիենայի չափանիշներին, ինչպես նաև ստանալու իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։
Հանդիպման ընթացքում ներկայացվեց նաև «Երիտասարդների զարգացում» ծրագիրը, որի շրջանակներում մանրամասն ներկայացվեցին ծրագրի նպատակները, ձևաչափը, ինչպես նաև մասնակցության և գրանցման կարգը։
Հանդիպումը ուսանողների համար դարձավ կարևոր հնարավորություն՝ անմիջականորեն ծանոթանալու առաջատար ընկերության գործունեությանը, ձեռք բերելու նոր գիտելիքներ, փոխանակվելու փորձով և ավելի ակտիվ ներգրավվելու մասնագիտական միջավայրում։