(010) 303-300

ՃՇՀԱՀ-ՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԴԻԶԱՅՆԻՆ ԵՎ ՄԱՏՉԵԼԻ ՄԻՋԱՎԱՅՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՁԵՌՆԱՐԿԸ

Օրերս Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում տեղի ունեցավ «Համընդհանուր դիզայն, մատչելիություն, խելամիտ հարմարեցումներ» ձեռնարկի պաշտոնական շնորհանդեսը, որը նախաձեռնել էր ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) հայաստանյան գրասենյակը։

Միջոցառումը համախմբել էր պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության, ճարտարապետական համայնքի ներկայացուցիչներին և ուսանողներին՝ քննարկելու մատչելի, ներառական և յուրաքանչյուրի կարիքներին համապատասխան միջավայրերի ձևավորման կարևորությունը։

Ձեռնարկը նախատեսված է որպես գործնական ուղեցույց ճարտարապետների, շինարարների, տեղական ինքնակառավարման մարմինների և ոլորտի այլ մասնագետների համար, որոնք ներգրավված են տարբեր միջավայրերի պլանավորման, նախագծման և բարելավման գործընթացներում։

Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկավ ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանը:

Նա ընդգծեց, որ միջավայրը պետք է ի սկզբանե նախագծվի՝ հաշվի առնելով մարդկանց բազմազան կարիքները, այլ ոչ թե ստեղծվի և հետագայում հարմարեցվի որոշակի խմբերի համար։

«Այս ձեռնարկը կարող է լինել կարևոր գործիք՝ գիտելիքը տարածելու, մասնագիտական կարողությունները զարգացնելու և, ի վերջո, օրենսդրական պահանջները իրական միջավայրում կյանքի կոչելու համար»,- նշել է Լուսինե Սարգսյանը։

 Համալսարանի Ճարտարապետության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Արմեն Շատվորյանը կարևորեց համընդհանուր դիզայնի սկզբունքների ներառումը մասնագիտական կրթության գործընթացում՝ նշելով, որ ապագա ճարտարապետների շրջանում այս գաղափարախոսության ձևավորումը պետք է սկսվի դեռևս ուսումնական փուլում։

Ձեռնարկի մշակմանը նախորդել էր ՃՇՀԱՀ-ում իրականացված պիլոտային դասընթացը, որին մասնակցել էր 4-րդ կուրսի շուրջ 150 ուսանող։ Դասընթացի ընթացքում ձեռք բերված փորձն ու մշակված ուսումնական նյութերը հիմք են հանդիսացել ձեռնարկի ստեղծման համար։

Ձեռնարկի համահեղինակներ Սուրեն Մաղաքյանն ու Նարեկ Մինասյանը ներկայացրին դրա հիմնական բովանդակությունը և կիրառման հնարավորությունները։ Ձեռնարկում ներկայացված են համընդհանուր դիզայնի հիմնական մոտեցումները, համապատասխան չափորոշիչներն ու հնարավոր լուծումների օրինակներ, որոնք կարող են կիրառվել նախագծման տարբեր փուլերում։

Միջոցառման ավարտին ձեռնարկի օրինակները հանձնվեցին ՃՇՀԱՀ գրադարանին՝ համալսարանի ուսանողների, դասախոսների և ոլորտի մասնագետների համար հասանելի լինելու նպատակով։

Ձեռնարկը հասանելի է հետևյալ հղմամբ՝  https://unf.pa/4hfk0g8:

29.09.26