Օրերս ՃՇՀԱՀ-ում իրականացավ Քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնած հանդիպումը ոլորտային մասնագետների հետ՝ քննարկելու ռազմավարությունների մշակման ՀՀ Կառավարության նախաձեռնությունը և համատեղ վերհանելու քաղաքաշինության ոլորտի առաջնահերթությունները, որին մասնակցում էին նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից և ՀՀ կենտրոնական բանկից ներկայացուցիչներ։
Տարածքային և ենթակառուցվածքների զարգացման ռազմավարության մշակման շրջանակում առանջնահերթ դիտարկվել են քաղաքաշինությանն ու տարածական պլանավորմանը, հողերի կառավարմանը, ենթակառուցվածքներին, ջրային համակարգերին առնչվող հարցերը։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը իր խոսքում կարևորել է մասնագետների ջանքերի մեկտեղումը՝ արդյունավետ, իրագործելի ռազմավարություն մշակելու նպատակով. «Այժմ այն պահն է, երբ միասին կարող ենք մշակել գործուն ռազմավարություն, որպեսզի առաջիկա տարիներին ունենանք տարածքի, ենթակառուցվածքների օգտագործման, քաղաքաշինության ուղղությամբ առաջատար երկրներին համահունչ զարգացում ու որակական արդյունքներ՝ բյուջեի միջոցներն ուղղելով հստակ թիրախների»։
Կոմիտեի հրավերով հանդիպմանը մասնակցում էր նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի օգնական Գևորգ Սահակյանը: Վերջինս ներկայացրել է ռազմավարական 6 ուղղությունները, որոնք նախատեսում է Կառավարությունը մշակել՝ Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինի հետ ներդաշնակեցմամբ։ Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի տնօրեն Գևորգ Մինասյանը ներկայացրել է տնտեսական փոխակերպման ռազմավարության տեսլականը։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը և ՃՇՀԱՀ ռեկտորի խորհրդական Սարգիս Թոմասյանը ներկայացրել են Հայաստանի տարաբնակեցման գլխավոր նախագծով սահմանված առաջնահերթությունները, խնդիրները, դիտարկել ՀՀ տարածքի բազմակենտրոն կառուցվածքի ձևավորման, կլաստերների զարգացման հնարավորությունները։ Նշվել է, որ Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ նախատեսվում է մշակել ՀՀ տարաբնակեցման գլխավոր նոր նախագիծ, որը պետք է համահունչ լինի մշակվող ռազմավարության տրամաբանությանը։
Քննարկմանը մասնակցող Քաղաքաշինության կոմիտեի մասնագետները, Հայաստանի ճարտարապետների պալատի և Կառուցապատողների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչները, ինչպես նաև ՃՇՀԱՀ մասնագետներն ու ուսանողները մտքեր և առաջարկներ են փոխանակել՝ ռազմավարության հիմնական ուղղությունները նախանշելու նպատակով։
Նշվել է, որ նման հանդիպումները լինելու են շարունակական՝ ներկայացված բոլոր առաջարկները համատեղ քննարկելու և արդյունավետ լուծումներ մշակելու համար։ Կոմիտեի նախագահը նաև կոչ է արել ուսանողներին ակտիվորեն ներգրավվել գործընթացում՝ կարևորելով նրանց կարծիքն ու նորարար մտածողությունը։