(010) 303-300

ՃՇՀԱՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀԱՂԹՈՂՆԵՐ՝ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՌՑԱՆՑ ԲԻԶՆԵՍ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ (EOBN)

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը մասնակցել է Գործարար բանակցությունների (B2B) Եվրոպայի առցանց առաջնութանը (EOBN), որն առաջին անգամ էր անցկացվում այդ ձևաչափով։ Մրցույթին մասնակցել են տարբեր երկրների համալսարանների ուսանողներ, այդ թվում՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական և Հայաստանի ազգային ագրարային համալսարաններից:

Մրցույթի շրջանակում ուսանողները մասնակցել են իրատեսական վաճառքի և բանակցությունների մաստերկլասերի՝ գործարար աշխարհի փորձառու ժյուրիի անդամների հետ, ինչպես նաև հնարավորություն են ստացել մրցել միջազգային միջավայրում, զարգացնել մասնագիտական հմտությունները և բարձրացնել իրենց ինքնավստահությունը։

Մրցույթին մասնակցել է շուրջ 60 ուսանող, այդ թվում Ֆրանսիայից, Գերմանիայից, Նիդեռլանդներից, Լեհաստանից, Ֆինլանդիայից, Ռումինիայից, Լիտվայից, Սլովենիայից, Իսպանիայից, ԱՄՆ-ից և այլն: ՃՇՀԱՀ-ը ներկայացնող ուսանողները՝ Իռենա Սիմոնյանը և Տիգրան Ստեփանյանը, գերազանց արդյունք են գրանցել:

Առաջնությունն ուներ երկու մրցակարգ.

  • Վերելակային ներկայացում (elevator pitch),
  • Գործարար բանակցություններ (B2B salles):

Elevator pitch-ը հանդիսանում էր նախապատրաստական մրցույթ` Գործարար բանակցություններ (B2B salles) հիմնական մրցույթից առաջ: Այդ մրցաձևում մեր ուսանողը` Տիգրան Ստեփանյանը, դարձավ իր խմբի հաղթողը, սակայն հետագա պայքարում չկարողացավ եզրափակիչ անցնել:

Իսկ Գործարար բանակցություններ (B2B salles) մրցաձևում մեր ուսանողը` Իռենա Սիմոնյանը, դարձավ Գործարար բանակցությունների (B2B) Եվրոպայի առցանց առաջնութան (EOBN) հաղթող: Նա հաղթեց իր խմբում, այնուհետև կիսաեզրափակչում, իսկ եզրափակչում մրցեց Նիդերլանդների Կիրառական գիտությունների HAN համալսարանի ուսանողի հետ և դարձավ առաջնության հաղթող:

ՃՇՀԱՀ-ը աջակցել է ուսանողներին՝ կազմակերպելով նրանց մասնակցությունը և համակարգված աշխատանք է տարել պատրաստման ուղղությամբ։ Ուսանողների հետ ակտիվորեն աշխատել և աջակցել են Կրթության զարգացման և նորարարությունների կենտրոնի ղեկավար Վարազդատ Հովհաննիսյանը, ԷԻԿ ամբիոնի վարիչ Տաթևիկ Եդոյանը, Շարունակական և լրացուցիչ կրթության բաժնի ղեկավար Լուսինե Հարությունյանը՝ նպաստելով մրցույթի մասնակիցների արդյունավետ և վստահ մասնակցությանը։

Գործարար բանակցությունների (B2B salles) առցանց առաջնությունը կազմակերպվել էր Բիզնես վաճառքների առաջնության Եվրոպական ասոցիացիայի և HAN կիրառական գիտությունների համալսարանի կողմից և միտված էր ուսանողների վաճառքի, բանակցությունների և ինքնաներկայացման գործնական հմտությունների զարգացմանը միջազգային միջավայրում։

ՃՇՀԱՀ-ը շարունակաբար խրախուսում է ուսանողների մասնակցությունը միջազգային մրցույթներին՝ ստեղծելով զարգացման, գործնական փորձի և նոր հաղթանակների հասնելու լայն հնարավորություններ։

20.02.26