«Ճարտարապետական ժառանգություն և ժամանակակից ճարտարապետություն» (ICAHCA) խորագրով միջազգային 3-րդ գիտաժողովը եզրափակվեց նոր ձեռքբերումներով, համագործակցության կարևոր հնարավորություններով և միջազգային գործընկերային ցանցի զգալի ընդլայնմամբ։
Գիտաժողովի ընթացքում առանձնահատուկ կարևորությամբ վերագտնվեցին մեր նախկին գործընկերային կապերը և ձևավորվեցին նոր համագործակցային ուղղություններ։ Հատկանշական ձեռքբերումներից է, որ մեր համալսարանը, որը դեռևս 2018 թվականից ներգրավված է IACOBUS+ եվրոպական ծրագրի մեջ, արդեն ստացել է հիմնադիր անդամի կարգավիճակ։ Ծրագրի հիմնադիր երեք ճարտարապետական դպրոցներն են՝ Իսպանիայի Կորունիայի ճարտարապետական դպրոցը, Կլերմոն-Ֆերանի ճարտարապետական դպրոցը և Գերմանիայի Ռեգենսբուրգի համալսարանը։
Կլերմոն-Ֆերանի դպրոցի ղեկավարությունը հայտարարել է մեր համալսարանը լիիրավ անդամ դարձնելու մասին։ Ծրագրի ղեկավար Մաթիլդ Լավինյուն առաջիկայում կայցելի համալսարան՝ պայմանագրում համապատասխան լրացումներ կատարելու նպատակով։ Սա մեծ քայլ է ՃՇՀԱՀ-ի համար, ինչը հնարավորություն է տալիս արդեն համալսարանի կողմից միջազգային այլ գործընկերների հրավիրելու ծրագրին մասնակցելու համար։
Լիբանանից ժամանած ճարտարապետ, գործընկեր և զեկուցող Արա Գևորգյանը հանդես եկավ կարևոր նախաձեռնությամբ՝ առաջարկելով հաջորդ գիտաժողովը կազմակերպել Բեյրութում՝ ներգրավելով Բեյրութի ճարտարապետական համալսարանը, տեղական մասնագիտական հանրույթը և Լիբանանի ազգային առաջնորդարանը։
Գիտաժողովին մասնակցում էին նաև Աթենքի ազգային տեխնիկական համալսարանի մեր գործընկերները, որոնք հանդես եկան հետաքրքիր զեկուցումներով։ Քննարկումների արդյունքում ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ միանալ IACOBUS+ ծրագրի թիմին։
Գերմանիայից գիտաժողովին մասնակցող Վանյա Վեդեկինգը՝ Բեռլինի հնագիտության ինստիտուտի մասնագետ, որը պեղումների, վերականգնումների և մասնագիտական դասընթացների մեծ փորձ ունի Մերձավոր Արևելքում, ևս համաձայնեց կրկին այցելել Հայաստան և իրականացնել հերթական աշխատարանը վերականգնող ճարտարապետների և մասնագետների համար։
Գիտաժողովի մասնակիցները հնարավորություն ունեցան այցելելու Վիեննայի Մխիթարյան միաբանություն, ծանոթանալու թանգարաններին, եկեղեցուն և ընդհանրապես հայկական ճարտարապետական ու մշակութային ժառանգությանը։
Այս տարի գիտաժողովի ընթացքում ներկայացվեց 48 զեկուցում, իսկ ընդհանուր մասնակիցների քանակը 80 է 11 երկրներից՝ Հայաստան, Ֆրանսիա, Իտալիա, Իսպանիա, Գերմանիա, Սերբիա, ԱՄՆ, Լիբանան, Հունաստան, Ավստրալիա և Ավստրիա։
ICAHCA 3-րդ միջազգային գիտաժողովը ոչ միայն ամրապնդեց առկա համագործակցությունները, այլև ձևավորեց նոր համագործակցային կապեր, որոնք առաջիկա տարիներին մեծապես կզարգացնեն գիտական, կրթական և մշակութային փոխանակումները։ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը շարունակում է իր ակտիվ դերակատարությունը միջազգային գիտական հարթակներում՝ մշտապես ընդլայնելով գործընկերային շրջանակն ու գիտական ներուժը։